Ուկրաինայի քաղաքներն ու Կիևը՝ մասշտաբային հրթիռակոծության ներքո
Ղրիմի կամրջի պայթյունից հետո ուկրաինական պատերազմը նոր փուլ է թևակոխում: Այսօր վաղ առավոտից ՌԴ ԶՈՒ-ն մասշտաբային հրթիռակոծության է ենթարկում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևն ու այլ քաղաքներ: Սա ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ամենածանր պատերազմական օրերից է, երբ ռուսական ԶՈՒ թիրախում քաղաքացիական ենթակառուցվածքներն են․ Կիևի տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել:
Խոսքը, մասնավորապես, կենտրոնական Պեչերսկու շրջանի, Շևչենկոյի շրջանի Վլադիմիրսկ փողոցի և Վոզդուխոֆլոտսկ հրապարակի մասին է:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տելեգրամյան իր ալիքում տեղեկացնում է, որ «մի քանի պայթյուն» է որոտացել Կիևի Շևչենկոյի և Սոլոմենսկի շրջանում։ Պայթյունների պատճառով Կիևի մետրոյի բոլոր կայարաններն աշխատում են՝ որպես ապաստարաններ։ Կարմիր գծով գնացքների շարժը դադարեցված է, պայթյուններից հետո Կիևի բնակիչները հայտնում են էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի ընդհատումների մասին։
Ներքին գործերի նախարարի խորհրդական Ռոստիսլավ Սմիռնովի խոսքով, մայրաքաղաքի Շևչենկոյի շրջանում զոհվել է 8 մարդ, ևս 24 խաղաղ բնակիչ վիրավորվել է։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան Ռուսաստանը, Կիևից բացի, հարվածներ է հասցրել նաև այլ քաղաքների և շրջանների, տուժել են խաղաղ բնակիչներ: Պայթյուններ են որոտացել Դնեպրում, Լվովում, Ժիտոմիր, Զապորոժիեում, Օդեսայում և Խարկովում:
Ուկրաինայում ԵՄ դեսպան Մաատի Մաասիկասը Կիևի կենտրոնից լուսանկար է հրապարակել իր թվիթերյան միկրոբլոգի էջում, որում երևում է, որ ավտոմեքենաներ են այրվում:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը պայթյուն էր որոտացել Ղրիմի կամրջի վրա, որը ՌԴ-ի համար Ղրիմի՝ ՌԴ-ին միացման խորհրդանիշն է: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր.
«Ղրիմ, կամուրջ, սկիզբ։ Ամեն անօրինական բան պետք է քանդվի, ամեն գողացված բան պետք է վերադարձվի Ուկրաինային, ռուսական ամեն բռնազավթողական բան՝ արտաքսվի»։ ՌԴ իշխանությունները նշել են, որ պայթյունը կազմակերպվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից: Մի քանի օր է, ինչ ռուսական և ուկրաինական մամուլում քննարկվում է, թե ինչպիսին է լինելու ՌԴ պատասխանը Ղրիմի կամրջի վրա որոտացած պայթյունին:



