
Կապանում Իրանի հյուպատոսությունը կօգնի ամրապնդել հայ-իրանական հարաբերությունները. Իրանի ԱԳ նախարար

ICANA-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ Կապանում Իրանի հյուպատոսությունը կնպաստի հայ-իրանական հարաբերությունների ամրապնդմանը։
Նրա խոսքով, Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսի գործունեության սկիզբը համապատասխանում է տնտեսական հարցերում Ռաիսիի վարչակազմի դիրքորոշմանը, ծառայում է Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդմանը, Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։
«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջև համագործակցությունը՝ հատկապես տնտեսական ոլորտի համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով։ Կապանում առաջին հյուպատոսության բացմամբ մենք ականատես կլինենք Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների անընդհատ ընդլայնմանն ու խորացմանը»,- ասել է արտգործնախարարը։