Բունդեսթագի պատգամավորը Դաշնային կառավարությանը կոչ է արել ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ հստակ ընդգծելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման փաստը, և այն, որը մարտական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն:

Մանսմանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Համաձայնությունը հիմք է տալիս հուսալու, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապակայունացումը, որը ստեղծվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մարտական գործողությունների հետ կապված՝ մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման, և դրանք չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,-նշել է պատգամավորը:Նա շեշտել է, որ յուրաքանչյուր երկրի տարածքի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և միջազգային իրավունքի համաձայն ուժի չկիրառման գերակայությունը պետք է խստորեն պահպանվեն:

Պատգամավորն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ արագ և ինտենսիվ աշխատելու համար:

Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ նա կոչ է արել Դաշնային կառավարությանը միանալ այդ աշխատանքներին և ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։ Ըստ դրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Տեսանյութեր

Լրահոս