Մոսկվան որոշում է ունեցել չարձագանքել «Հավաստի աղբյուրին»

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակված հակառուսական շեշտադրումներով՝ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հոդվածը փաստորեն լայնորեն քննարկվել է ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում: «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հոդվածին, որի գլխավոր մտքերից էր այն, որ Մոսկվան ձգտում է հասնել Հայաստանի անդամակցությանը Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ ՀՀ ինքնիշխանության թուլացման միջոցով, անմիջապես արձագանքեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ այն որակելով «անհեթեթություն»: Պեսկովը, ի դեպ, նման մեկնաբանությամբ հանդես եկավ հարցին ի պատասխան:

Իսկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում չմեկնաբանեց «Հայկական ժամանակ» թերթում Երևանի վերաբերյալ Մոսկվայի ծրագրերի մասին աղմկահարույց հրապարակման էությունը:

Հարցին, թե որքանո՞վ են հոդվածում շարադրված փաստերը արտացոլում իրականությունը, դիվանագետը հայտարարել էր, որ այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի պաշտոնատար անձանց։

Նրա խոսքով` եթե դա լիներ պաշտոնական հայտարարություն, ապա Մոսկվան կմեկնաբաներ, ուստի աղբյուրներին հղում արված դեպքերը մեկնաբանելն իր իրավասությունը չէ։

Ուշագրավը, սակայն, հատկապես այն հանգամանքն է, որ Ռուսաստանը դիվանագիտական որոշում է ունեցել որևէ կերպ չարձագանքել «Հավաստի աղբյուրին»՝ դա ընկալելով որպես կեղծ քայլ ու հայ-ռուսական հարաբերությունների դեմ հերթական սադրանք:

168.am-ի մոսկովյան մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ ԱԳՆ-ն որոշում է ունեցել դիվանագիտական, ինչպես նաև քարոզչական որևէ տիրույթում չանդրադառնալ տվյալ «սադրանքին»՝ հասկանալով դրա նպատակը: Հրապարակայնորեն տրված ուղիղ հարցերից խուսափել հնարավոր չի եղել, իսկ մնացած բոլոր հաղորդակցական միջոցներով ՌԴ ԱԳՆ-ն այդ հոդվածը որակել է՝ որպես «ֆեյք», «կեղծ քայլ», որին իրենք և ՌԴ-ում ազդեցիկ դիվանագիտական շրջանակները չպետք է արձագանքեն, դա չպետք է դարձնեն քննարկումների և վերլուծությունների թեմա:

Հատկանշական է, որ ոչ պաշտոնական աղբյուրներին ՌԴ ԱԳՆ-ն կարող է պաշտոնապես չարձագանքել, և դրա համար կա հստակ հիմնավորում. «դա պաշտոնական հայտարարություն չէ»։ Սակայն այս դեպքում այս քայլին Մոսկվան հրաժարվել է «արձագանքել» նույն քարոզչական հարթությունում:

Տեսանյութեր

Լրահոս