Ադրբեջանը պետք է զորքը վերադարձնի սեպտեմբերի 12-ի ռազմական գործողություններից առաջվա դիրքեր. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:
Առաքելությունը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Պետքարտուղար Բլինկենը նաև մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերի համար, ներառյալ կարևորել է Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձը։
«Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ լուծել չլուծված խնդիրները։ Առանց հաշտեցման չի լինի տևական խաղաղություն, և դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։ Անցյալ շաբաթավերջին սոցիալական ցանցերի ալիքներում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառ հետաքննվի: Ձերբակալվածների նկատմամբ ցանկացած բռնության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից հարուցված հետաքննությունը և հիշեցնում ենք կողմերին՝ պահպանել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերիների հետ վարվել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։
Սեպտեմբերի 13-ին, 14-ին և 28-ին հրադադարի վերջին խախտումները խիստ մտահոգում են Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին խստորեն պահպանել կայուն հրադադարը, հետ քաշել և հեռվացնել իրենց զինված ուժերը և շարունակել բանակցությունները սահմանների սահմանազատման շուրջ՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը։ Մենք կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը սեպտեմբերի 12-ի գիշերը ռազմական գործողությունների բռնկումից առաջ: Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների, ոչ թե բռնության միջոցով։ Անցած շաբաթվա ընթացքում ականներից հայ զինվորների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահը հստակ և ողբերգական կերպով ցույց է տալիս այս հակամարտության շարունակական մարդկային հետևանքները», – ասվում է հայտարարությունում։
Դրանում նաև ասվում է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ-ի վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման գործիքների ակտիվացմանը, ներառյալ Փաստահավաք առաքելության ստեղծումը, ինչպես պահանջվել է Հայաստանի կողմից։
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության ամրապնդման և միջազգային պարտավորությունների հանդեպ իրենց հաշվետու լինելու համար։ Մենք խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման և մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում։ Միացյալ Նահանգները աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմանի՝ Եվրամիության նման սերտ գործընկերների և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն», – ասվում է հայտարարությունում։