Պուտին-Էրդողան «քիմիան» կավարտվի՞ ընտրութուններով. Թուրքիայի նոր կառավարությունը լինելու է շատ ավելի արևմտամետ և ավելի մեծ կասկածով է վերաբերվելու ՌԴ-ի հետ հարաբերություններին
«Թուրքիայում սպասվող ընտրությունների արդյունքում խորհրդարանում փոփոխություններ են լինելու»,- այս մասին այսօր ռուսական «Վալդայ» փորձագիտական ակումբում կազմակերպված՝ «Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նոր մոդելը աշխարհակարգի ճգնաժամի պայմաններում» վերտառությամբ քննարկման ժամանակ ասաց Թուրքիայի համաշխարհային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին՝ անդրադառնալով Թուրքիայում սպասվող ընտրություններին:
Նրա խոսքով՝ ներկայումս դեռ բավականին վաղ է գնահատել այդ ընտրությունների հնարավոր արդյունքները, քանի որ ավելի քան յոթ ամիս դեռ կա:
«Բայց ներկայումս հարցումները ցույց են տալիս, որ խորհրդարանում փոփոխություններ են լինելու: Թե արդյոք դա որևէ ազդեցություն կունենա՞ նախագահի վրա, դեռ հնարավոր չէ ասել: Սակայն ապագա ընտրությունները, իհարկե, կարևոր են լինելու, նոր Կառավարությունը, եթե լինի այդպիսին, լինելու է շատ ավելի արևմտամետ և ավելի մեծ կասկածով է վերաբերվելու ՌԴ-ի հետ հարաբերություններին»,- նման կարծիք հայտնեց թուրք վերլուծաբանը:
Նա այն կարծիքին է, որ ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններն այսօր ամեն դեպքում հիմնված են ղեկավարների անձնական հատկությունների վրա:
«Մենք չգիտենք, թե արդյոք ընտրությունների արդյունքում փոփոխության դեպքում կպահպանվի՞ այդ «քիմիան» ղեկավարների միջև: Բայց Պուտինը փորձառու շախմատիստ է, ասում են՝ Թուրքիայի ղեկավարն էլ ամենահաջողակ շախմատիստն է Մաքիավելիից հետո, նրան հաջողվում է համադրել ներքին քաղաքականությունն արտաքինի հետ, և նա շատ լավ ընկալում, հարաբերություն ունի Պուտինի հետ: Դեռ 2003 թվականից, երբ նա վարչապետ էր, նրա մոտ ձևավորվել էին հատուկ հարաբերություններ Պուտինի հետ, և ամեն դեպքում ես չեմ ակնկալում, որ եթե Թուրքիայում լինի նոր ղեկավար, նա կունենա նույնպիսի փոխըմբռնում Վլադիմիր Պուտինի հետ: Ամեն դեպքում ներկայումս դեռ վաղ է լիարժեք կանխատեսումներ անելու համար»,- ասաց Բաղջին: