ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են մաքսային և հարկային ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը դրական է գնահատել հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունը և բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
ՊԵԿ նախագահը հատկապես կարևորել է ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի հետ կապված ընթացիկ աշխատանքները, ծրագրի շրջանակում կազմակերպվող վերապատրաստման դասընթացները, որոնց նպատակն է սահմանային համատեղ կառավարում իրականացնող պետական մարմինների աշխատանքների օպերատիվ համակարգումը և սահմանի համալիր կառավարման գործընթացներին սահմանային հսկողություն իրականացնող մարմինների ակտիվ ու համակարգված ներգրավումը։
Հանդիպման ընթացքում փոխանակվել են մտքեր՝ մաքսային և հարկային ոլորտներում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի վերաբերյալ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել շարունակական փոխհամագործակցությունը։