Ադրբեջանը վերադարձրել է սեպտեմբերին գերեվարված այն հայ զինվորներին, որոնց ԿԽՄԿ-ն տեսակցել էր․ «Փաստինֆո»

Հայաստան վերադարձած ռազմագերիներին, որոնք գերեվարվել էին ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել էին սեպտեմբերի 23-ին։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Այս պահի դրությամբ սեպտեմբերի ռազմական գործողությունների հետ կապված այլ անձանց չենք տեսակցել։ Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի»,- ասաց Ամատունին։

2020 և 2021 թվականներին Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց’ այդ թվում դատապարտված մեր զինծառայողների հետ, ինչպես նշեց Ամատունին, աշխատանքը շարունակվում է։

«Նրանց թիվը չեմ կարող հրապարակել, բայց կարող եմ հաստատել, որ շարունակում ենք տեսակցել, նրանցից յուրաքանչյուրի ընտանիքի հետ մշտական կապի մեջ ենք»,- նշեց Ամատունին։

Տեսանյութեր

Լրահոս