
ԵՄ-ում հայտարարել են, որ Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ մտնել ռազմական գործողությունների ժամանակ

Եվրամիության ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թյերի Բրեթոնը Կիևի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հայտը դեմարշ է անվանել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Եվրահանձնակատար Բրեթոնը ֆրանսիական հեռուստաալիքի եթերում այսօր հայտարարել է, որ Կիևը չի կարող ՆԱՏՕ մտնել ուկրաինական տարածքներում ռազմական գործողություններ ծավալվելու ժամանակ:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է, որ իր երկիրը ՆԱՏՕ մտնի, սակայն, ինչպես հայտնի է, դաշինք մտնելու հարցը չի կարող քննարկվել տվյալ երկրի տարածքում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ: Իսկ Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում, և դժվար է ասել, թե դրանք երբ կավարտվեն»,- ասել է Թյերի Բրեթոնը:
Դրա համար էլ, ըստ եվրահանձնակատարի, խոսքը գնում է Ուկրաինայի կողմից քաղաքական դեմարշի մասին:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի վերջին Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ՆԱՏՕ մտնելու՝ Ուկրաինայի հայտը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի պատասխանել լրագրողների ուղիղ հարցին՝ պատրա՞ստ է արդյոք դաշինքը քննարկել այդ հայտը:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը