
Ամերիկացի սենատորն առաջարկել է Թուրքիայի առաջ նախապայման դնել՝ F-16-երը վաճառելուց առաջ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16-կործանիչները չպետք էօգտագործվեն Հունաստանի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եթե նշյալ առաջարկն ընդունվի, ապա այն կներառվի Սենատի պաշտպանական բյուջեի օրինագծում։
Անդրադառնալով Թուրքիա-Հունաստան լարվածությանը՝ Մենենդեսը նշել է, որ Թուրքիան թշնամական գործողություններ է իրականացնում Հունաստանի դեմ՝ պարբերաբար խախտելով վերջինիս օդային տարածքը:
Նա պահանջել է նաև, որ Թուրքիան դադարեցնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ և հավատարմություն դրսևորի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նկատմամբ:
Ըստ Մենենդեսի՝ Ռուսաստան-Թուրքիա համագործակցության ընդլայնումը ռազմական ոլորտում սխալ կլինի Թուրքիայի համար և կվտանգի ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգ, որը լուրջ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: