Լեմկինի ինստիտուտն արևմտյան ԶԼՄ-ներին կոչ է անում Ադրբեջանի հարձակումը լուսաբանելիս խուսափել կեղծ չեզոքությունից և հստակեցնել օգտագործվող բառապաշարը

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ձեռնարկված միակողմանի հարձակման լուսաբանման ժամանակ օգտագործվող վնասակար և հաճախ անտեղյակ լրատվամիջոցների հռետորաբանությունից։ Կենտրոնն այս թեմայով զեկույց է պատրաստել՝ նկատելով, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից արևելյան հայկական մի քանի քաղաքների գնդակոծման սկզբից ի վեր՝ խախտելով միջազգային և մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները, արևմտյան լրատվամիջոցները, որոնք հաղորդում են հարձակումների մասին, օգտագործել են տերմիններ, որոնք նսեմացնում, անտեսում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները:

Ինստիտուտի պատրաստած զեկույցում ասվում է, որ արևմտյան լրատվամիջոցները կանոնավոր օգտագործում են նույն հռետորաբանությունը, ինչ օգտագործվել էր 1990-ականներին բոսնիացիների վրա սերբական հարձակումների և տուտսիների վրա հութուների հարձակումների մասին հաղորդումների ժամանակ. հռետորաբանություն, որը ցեղասպանական հարձակումներն ու ծրագրերը վերաներկայացնում էր՝ որպես հնագույն ատելություն և թրայբալիզմ՝ միջցեղային հակամարտություն:

Ըստ զեկույցի, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի գործողությունները՝ ռազմական, ռազմավարական և դիվանագիտական, ստանում են ՆԱՏՕ-ի առանցքային անդամ Թուրքիայի աջակցությունը, արևմտյան մամուլը պետք է առանձնահատուկ շահագրգռվածություն ցուցաբերի, որպեսզի այս հակամարտությունը ճշգրիտ ներկայացվի:

Նշվում է, որ ներկայիս լրատվամիջոցների լուսաբանումների մեծ մասը չի անդրադառնում հակամարտության պատմությանը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բարդություններին:

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում արևմտյան լրատվամիջոցներին հստակեցնել օգտագործվող բառապաշարը և խուսափել «հավասարակշռված հաղորդումների» կեղծ չեզոքությունից, որը պարզապես վերարտադրում է ագրեսորի քարոզչությունը և բորբոքում ցեղասպանական գործողություններն ու հռետորաբանությունը: Արևմտյան ԶԼՄ-ները պետք է ասեն ճշմարտությունը և Հայաստանի դեմ պատերազմն անվանեն այնպես, ինչպես կա:

«Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները բաց են արտահայտվել Հայաստանի ազգի, ժողովրդի և մշակույթի հանդեպ իրենց թշնամանքի մասին։ Եթե սա ​​չվերահսկվի, աշխարհը կկանգնի ևս մեկ ավերիչ ցեղասպանության առջև, և մամուլը կրկին մեղսակից կլինի»,- ասված է Լեմկինի զեկույցում:

Տեսանյութեր

Լրահոս