«Միակ երկիրը, որն այդ բանաձևերը լուրջ է ընդունում, Լենինի անվան Ադրբեջանն է». Վլադիմիր Ստուպիշին

sisumasis տելեգրամյան ալիքը հրապարակել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինի խոսքերը, որում նախկին դեսպանը քարը քարին չի թողել Ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերի վերաբերյալ այն առասպելից, որը, ըստ ալիքի, Ալիևն ու բոլոր ադրբեջանցիներն ամեն գիշեր դնում են իրենց բարձի տակ ու քնում:

Նրա խոսքով՝ բանաձևերն ընդունվել են խախտումներով և հակասում են միջազգային իրավունքին, քանի որ պարունակում են սկզբունք, ոը վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքին:

Ըստ դեսպան Ստուպիշինի՝ այդ բանաձևերն ընդունվել են՝ առանց իրական գործընթացները հաշվի առնելու:

«Հիմարագույն ձևակերպումներ կան այդ բանաձևերի մեջ, քանի որ դրանք գրվել են մարդկանց կողմից, այդ թվում՝ խորհրդային, ավելի ճիշտ, ռուսական ներկայացուցչի կողմից, ովքեր շատ վատ էին գլուխ հանում այդ հարցերից»,- ասել է ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպանը:

Նրա պնդմամբ՝ դրանցում խոսք չի գնում ազգերի ինքնորոշման մասին, այլ խոսվում է ինչ-որ հայկական շրջանի ինչ-որ մասի մասին, և այդ բանաձևերը չեն արտահայտում իրերի իրական դրությունը, և այդ իսկ պատճառով էլ այդ 4 բանաձևերը հակաիրավական են:

«Դա է պատճառը, որ բացի Ադրբեջանից, ում դրանք ձեռտու են, ոչ ոք չի հիշում այդ բանաձևերի մասին: Իսկ որ այդ բանաձևերը հակաիրավական են, ապացուցում է Իսրայելի օրինակը՝ սկսած Պաղեստինից մինչև տարբեր միավորումների ձևավորում: Ընդ որում, պետք է արաբական պետություն ստեղծվեր, բայց թույլ չտվեցին դա անել, ու ստեղծեցին Իսրայելը, որը մինչ իր հռչակումն արդեն իսկ գողացել էր արաբական պետության տարածքների մի մասը՝ չկատարելով ոչ իր ծնունդին պարտական ՄԱԿ-ի բանաձևերը, և ոչ էլ այլ որոշումներ»,- զուգահեռներ է անցկացրել Վլադիմիր Ստուպիշինը:

Ըստ նրա՝ սա է պատճառը, որ Պաղեստինյան պրոբլեմը մինչ օրս չի լուծվել ու շուտ էլ չի լուծվի:

«Այնպես որ, միակ երկիրը, որն այդ բանաձևերը լուրջ է ընդունում, Լենինի անվան Ադրբեջանն է»,- ասել է ՀՀ-ում ՌԴ-ի նախկին դեսպանը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս