Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Մեծամորի ատոմային էլեկտրակայանին․ Գրոսի
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին դրական է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանում կատարված անվտանգային բարեփոխումները։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Որախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ դրա նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել է նա։
Ռաֆայել Մարիանո Գրոսին Հայաստան է ժամանել հոկտեմբերի 4-5-ը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով։ Այցի շրջանակում նա արդեն հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, առողջապահության նախարարի հետ։ Հոկտեմբերի 5-ին ակնկալվում է Գրոսիի դասախոսությունը Երևանի պետական համալսարանում։