Ի՞նչ սերմեր են ափիդ մեջ
«Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր։ Ահա այսպես կիմանանք, որ հետևող ենք ճշմարտությանը»։
Ա Հովհաննես 3:18-19
Վերջերս իմ տանը հյուրընկալել էի քրոջս ընկերներից մեկին, որն այժմ արտասահմանում է սովորում և կարճ ժամանակով էր Հայաստանում։ Առավոտյան սուրճի սեղանի շուրջ երկար ու մտերմիկ զրույց ունեցանք, որից հետո պայուսակից մի գիրք հանեց ու ասաց, որ ինձ համար է բերել։ Շատ երկար եմ ընտրել՝ նշեց ժպիտով։ Ժամանակակից արվեստի մասին պատմող մի հրաշալի գիրք էր ձեռքումս, և վաղուց այդքան տպավորիչ նվեր չէի ստացել։
Հուզված էի ու անսահման շոյված, որովհետև գիտեի՝ այդ տղան առանձնապես չունի լայն ֆինանսական հնարավորություններ, առայժմ միայն ուսանում է, ապրում համալսարանի տված կրթաթոշակով։ Գրքի հետ մի ջերմ գրություն կար․
«․․․Միշտ հայտնվում ես ամենաճիշտ պահին, հրեշտակի պես»։ Նրան ճանապարհելուց հետո այդ գրությամբ փոստային բացիկը փակցրի սառնարանին, որ ամեն անգամ կարդամ, երջանկանամ։ Անցա սովորական կենցաղային գործերիս, բայց միտքս դեռ այս խնդրով էր՝ ախր ինչո՞ւ էր այդ գիրքն ինձ բերել, նեղություն կրել, ախր ես իր ամենամտերիմ ընկերը չեմ անգամ։ Հետո հանկարծ ամանները լվանալու արանքում, երբ մի քանի անգամ աչքովս ընկել էր սառնարանին փակցված գրությունը, մի տաք դրվագ հիշեցի։
Մոտ երկու տարի առաջ այդ նույն երիտասարդը նորից Հայաստանում էր, բայց շուտափույթ պիտի վերադառնար իր ուսանելու երկիրը։ Սահմաններն ինքնաթիռների համար փակ էին համավարակի պատճառով, իսկ նա պիտի հասցներ քննություններին մասնակցել, հակառակ դեպքում դուրս կմնար համալսարանից, որտեղ ուսանում էր գերազանցությամբ։ Ստիպված էր սահմանը մեքենայով հատել․ բարդ ու ծանր օրեր էին սպասվում։ Երբ քույրս գնում էր նրան ճանապարհելու, չգիտեմ ինչու որոշեցի հետը երեք բան ուղարկել, որ փոխանցի տղային՝ գիրք, մի սիրուն նոթատետր ու մի քիչ գումար՝ իմ խնայողություններից։
Մտածում էի՝ այդ գումարը նրան հաստատ ավելի շատ պետք կգա, մի բաց տեղ կլրացնի դժվար ճանապարհին։ Այս դիպվածը բոլորովին մոռացել էի՝ սիրուն երազի պես։ Կարծում էի ու մինչև հիմա էլ այն մտքին եմ, որ արածս մեծ բան չէր, ընդամենը մի գեղեցիկ ժեստ տաղանդավոր երիտասարդի համար, որին դժվար օրեր էին սպասվում։ Երբ այս դրվագը հիշեցի, ամեն ինչ ընկավ տեղը։ Հասկացա, որ տարիներ առաջ բարու մի քանի սերմ ընկել էին պարարտ հողի մեջ ու ծաղկել հենց այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենաշատն ունեի։ Ինքս բավականին ծանր ու կոտրված հոգիվիճակում էի, երբ հյուրընկալեցի տղային, և այդ գիրքը, գրությունն իսկական բալասան դարձան հոգուս։ Հազարերորդ անգամ համոզվեցի, որ «Ինչ չանես, այն էլ կհնձես»-ն աշխատում է անշեղորեն։
Հենց այսօր որոշվում է, թե ինչ ենք ճաշակելու վաղը, հենց այսօր ի՞նչ սերմեր ենք սփռում, ի՞նչ բերք ենք ակնկալում ստանալ։ Իմ կյանքում պատահած այս փոքրիկ ջերմ դրվագն ինձ հիշեցրեց սերմերի կարևորության մասին, ու սիրտս երջանկությամբ լցվեց, որովհետև հասկացա՝ բավական է մի տեղ լույս վառել, բավական է մի բարի գործ անել այնտեղ, որտեղ քեզնից ընդհանրապես չեն ակնկալում դա (անել ու մոռանալ), բավական է հոգ տանել այն մասին, որ սերն աշխարհում ավելի շատ լինի, քան հաշվենկատությունը, թշնամանքը, ատելությունը, մաղձը, ու կտեսնես, կտեսնես պտուղներն արածիդ, կճաշակես, կվայելես։
Յուրաքանչյուրս հենց այս պահին և բոլորս, որպես մեկ ազգ ու հանրություն, ունենք այս ամեն մի խնդիրը՝ հարցնելու, թե ի՞նչ սերմեր են մեր ձեռքում այսօր։ Բարությա՞ն սերմեր են, լույսը շատացնո՞ղ սերմեր են, սերն ամրացնո՞ղ սերմեր են, հույսի ու մխիթարության, մարդասիրության ու կարեկցանքի սերմե՞րն են արդյոք մեր ձեռքերում։
Որովհետև «ինչ չանես, այն էլ կհնձես»-ն աշխատում է անշեղորեն։ Մեզ վերադառնում է այն, ինչը մենք մեզնից վերցրել ու ներդրել ենք աշխարհի, կյանքի, առօրյայի և այլ մարդկանց կյանքի մեջ։ Եթե մենք հենց այսօրվանից սկսած առավել ուշադիր լինենք՝ ինչ ենք անում, վաղը կապրենք բոլորովին այլ իրականության մեջ։ Արթուն, արթուն լինել ու նայել սեփական ափերի մեջ, երկար նայել ու տեսնել՝ ի՞նչ ենք անում մե՛ր ձեռքերով։ Լինել պատասխանատու գալիքի համար՝ մեր սեփական, մեր երկրի, մեր հանրության։ Հայաստան աշխարհն իրենց ուսերի վրա են տանում մարդիկ, ովքեր գիտեն՝ այլոց մեղադրելով, վատաբանելով, քարկոծելով երբեք ոչինչ ավելի լավը չի դառնա։ Կա միայն մեկ անելիք՝ նայել սերմերին ու հողի մեջ թողնել նրանք, որոնք կապաքինեն աշխարհը ու մեր երկիրը մասնավորապես, կավելացնեն լույսը, թեկուզ մեկ մարդու գեթ մեկ օրն ավելի լավը կդարձնեն։
Բոլորս, ովքեր դրական փոփոխության ենք սպասում, մենք, որ բարին են ուզում, լավն ենք սպասում գալիքից, նայենք մեր ձեռքերի մեջ։ Ի՞նչ սերմեր են դրանցում։
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ