Տարածքների հարցում ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Կիեւին տարածքների հարցում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։
Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Միացյալ Նահանգները միշտ հարգելու է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները, եւ կշարունակի աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ վերականգնելու իր տարածքի նկատմամբ վերահսկողությունը՝ ամրապնդելով իր դիրքերը ռազմական եւ դիվանագիտական ճանապարհով։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին նաեւ տեղեկացրել է ԱՄՆ անվտանգության աջակցության, այդ թվում՝ 1,1 միլիարդ դոլար արժողությամբ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության փաթեթի մասին, ինչպես նաեւ ապագա մատակարարումների մասին։ Քննարկվել է նաեւ ուկրաինական հացահատիկի մատակարարման եւ Ուկրաինայի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման հարցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլի մեծ պալատի Սուրբ Գեորգի սրահում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները եւ ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: