Ժնևում բարդ խոսակցություն է սպասվում․ Տարասով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորության մասին։ Նա մասնավորապես ասաց, որ այժմ քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների համաձայնությունների իրականացման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը նպաստելու համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների օգտագործման հնարավորությունը:

Ըստ Սերգեյ Լավրովի՝ խոսքը «մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին է, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը»: «Կարծում եմ՝ ԱՊՀ-ի կողմից աջակցությունը նույնպես պահանջված կլիներ»,- ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Նախարարի հավաստմամբ՝ պաշտոնական Մոսկվան մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը: Սրան զուգահեռ հայտնի դարձավ նաև, որ Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ժնևում սպասվող բանակցությունները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերյան ռազմական բռնկմամբ խախտվեց այն դիվանագիտական տրամաբանությունը, որը հաստատվել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ նաև ԱՄՆ-ը չի շեղվում ԵՄ տրամաբանությունից, ու կողմերը որքան էլ ձգձգումներով պետք է սկսեն աշխատել Խաղաղության համաձայնագրի վրա, այդ իմաստով Ժնևի հանդիպումն ավելի ինֆորմատիվ կլինի և կտա մի շարք հարցերի պատասխաններ։

«Ուրվագծվում է այն պատկերը, որ Ռուսաստանը կշարունակի ներկայություն պահպանել այն տեղերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, և որը քայլեր չանելու դեպքում Արևմուտքը կարող է զբաղեցնել, սակայն դիվանագիտական դաշտում ՌԴ-ն դեռ մասնակցության չի ձգտում։ Մոսկվայի համար ավելի կարևոր է սահմանազատման գործընթացը և կոմունիկացիաների շուրջ բանակցությունները։ Այսքանը նման ծանր փուլում բավարարում է Մոսկվային, ամեն հարցով հնարավոր չէ զբաղվել, թեև չի բացառվում, որ Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ լինեն քայլեր։ Այնուամենայնիվ կողմերի միջև ծանր դիվանագիտական առճակատում կա, հենվելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Ռուսասստանի ու Թուրքիայի վրա։

Այս ամենը բովանդակային առումով ոչինչ չի փոխում, սակայն աշխարհաքաղաքական առումով կա պայքար վերջնական կարգավորման դափնիները վայելելու և տարածաշրջանում հաստատվելու հարցում։ Բայց Ուկրաինայում, ինչպես տեսնում եք, լիովին նոր սցենարներ են ծավալվում, որոնց վրա է թե Ռուսաստանի, թե Արևմուտքի ուշադրությունը։ Ինչպես տեսնում եք՝ Ռուսաստանը գլոբալ հարց է լուծում իր համար և աշխարհաքաղաքական ժամանակավոր ցնցումների ետևից չի վազում»,- ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, եթե ՀԱՊԿ դիտորդների տեղակայման կամ ներգրավման որոշումը հաստատվի, այն ևս պետք է դիտարկել Արևմուտք-ՌԴ հարավկովկասյան մրցակցության շրջանակում։

«ՌԴ-ն ակնհայտորեն դեմ արտահայտվեց միջազգային դիտորդների տեղակայման հնարավորությանը, տեղում ներկայության, դիտորդության և ռազմական բաղադրիչի, անվտանգության հետ կապված հարցերում չի զիջի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս