Բաժիններ՝

Դիլիջանում ամփոփվել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը

Դիլիջանի կենտրոնական դպրոցում սեպտեմբերի 30-ին կայացել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը մարզային գործընկերության հիանալի օրինակ է. «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր միջոցառման եզրափակման առթիվ: Շատ կարևոր է, որ այս ծրագիրն իրականացվում է մարզերում: Պետական երիտասարդական քաղաքականության տեսանկյունից առաջնահերթ են հենց մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացումը, նրանց համար համապատասխան միջավայրի ձևավորումը: Այս ծրագրի շնորհիվ մեր դեռահասներն ու երիտասարդները լրացնում են ֆորմալ կրթության միջոցով ստացած գիտելիքների պաշարը՝ ձեռք բերելով նոր հմտություններ, որոնք, վստահ եմ, առաջիկայում կծառայեցնեն իրենց համայնքի կյանքի որակի բարելավմանը, նորարար գաղափարների գեներացմանը և կյանքի կոչմանը»:

«Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է հիմնել 25 երիտասարդական կենտրոններ, իսկ առաջիկայում արդեն շահագործման կհանձնվեն դրանցից երկուսը՝ Իջևան և Մեղրի քաղաքներում. «Երիտասարդական կենտրոնների օգնությամբ ցանկանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել՝ երիտասարդների կարողությունների զարգացում, քաղաքացիական կրթության խթանում, ակտիվ քաղաքացիության գործադրում և ինտելեկտուալ ժամանցի ապահովում»:

Արթուր Մարտիրոսյանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը և ծրագրի մյուս գործընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ևս ողջունել է ծրագրի մասնակիցներին և ընդգծել, որ երիտասարդների զարգացումը, նրանց կրթությունն ու գաղափարների իրագործումն իրենց առաջնահերթություններից են. «Այս ծրագիրն առանձնահատուկ է, քանի որ այն դեռահասներին տալիս է ազատություն և իրենց գաղափարները մշակելու, քննարկելու և իրականացնելու հնարավորություն»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ծրագրի մասնակից երիտասարդներին՝ այս դժվարին ժամանակներում իրենց աշխատանքներն իրականացնելու և կյանքի կոչելու համար. «Երկար տարիներ համագործակցել ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով, և UPSHIFT-ը մեզ համար հենց այդպիսի ծրագիր է: Փորձում ենք երիտասարդների համար նաև ոչ ֆորմալ կրթության հնարավորություններ ստեղծել»:

«Միջոցառման ընթացքում ամփոփվել են «UPSHIFT Իջևան» ծրագրի արդյունքները, դեռահասները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացրած նախագծերը, պատմել են աշխատանքների ընթացքի և վերջնարդյունքների մասին: Ծրագրի մասնակիցներին և մենթորներին հանձնվել են հավաստագրեր և շնորհակալագրեր:

«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրն իրականացնում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը՝ Եվրոպական միության աջակցությամբ»,- հայտնում եննախարարությունից՝ հավելելով, որ ծրագրի նպատակն է նպաստել Իջևան խոշորացված համայնքում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը՝ վերջիններիս ներգրավելով համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս