Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու հրավերը
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը չի բացառել, որ կընդունի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը: Ֆուտբոլիստն այդ մասին ասել է Sport-express-ին տված հարցազրույցում:
Հարցին, թե իրավունք ունի փոխել սպորտային քաղաքացիությունը, Տիկնիզյանը դրական պատասխան է տվել՝ հավելելով, որ դա ցանկության հարց է:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նորություն ունի այդ ուղղությամբ, նա պատասխանել է. «Առայժմ ոչինչ չկա»:
Նա նշել է, որ կապի մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: «Ես նրանց առավելագույն հարգանքով եմ վերաբերվում: Նրանց ասել եմ, որ կյանքում ամեն ինչ կարող է փոխվել: Եթե այսօր ես ոչ եմ ասել, վաղը կարող եմ այո ասել: Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ կընդունե՞ն նրանք ինձ, թե՞ ոչ: Բայց սա չի նշանակում, թե ինչ-որ բան կլինի: Չգիտեմ, թե ինչ կլինի վաղը, ապրում ենք այսօրվա օրով»,- ասել է Տիկնիզյանը՝ նշելով, որ վերջին անգամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից իր հետ կապ են հաստատել մոտ 6 ամիս առաջ:
Հարցին, թե այս պահին սպասո՞ւմ է Ռուսաստանի հավաքականի հրավերին, Տիկնիզյանն ասել է. «Ես ոչ մի բանի չեմ սպասում: Սպասում եմ, որ իմ թիմը կհաղթի, ինձ համար դա ավելի կարևոր է ցանկացած հավաքականից: Ցանկանում եմ, որ «Լոկոմոտիվ»-ը մրցաշարային աղյուսակում վերև բարձրանա որքան հնարավոր է, իսկ հավաքականը ներկա պահին ինձ համար երկրորդական է»: