 
                        ԵՄ-ն դատապարտել է Բելառուսի նախագահի այցն Աբխազիա
 
                                    ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Աբխազիա. դա համարում է միջազգային իրավունքի խախտում: Այդ մասին Բրյուսելում անցկացված ճեպազրույցում հայտարարել է միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
Լուկաշենկոն սեպտեմբերի 28-ին առաջին անգամ պաշտոնական այց է կատարել Աբխազիա եւ հանրապետության ղեկավար Ասլան Բժանիայի հետ քննարկել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հարցերը: Դրանից հետո Վրաստանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ Բելառուսի նախագահին մեղադրել է պետական սահմանը խախտելու մեջ: Գերատեսչության կողմից հայտարարվել է, որ այցը «հիմնարար սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում է»: «Մենք վճռականորեն դատապարտում ենք Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Աբխազիա… Դա գնահատում ենք որպես Վրաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտում եւ միջազգային իրավունքի խախտում»,-ասել է Ստանոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        