
BRICS-ի շրջանակներում քննարկվում է ընդհանուր արժույթի ստեղծման գաղափարը

BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միջազգային միավորումը մշակում է միասնական հաշվարկային արժույթի ստեղծման հարցը:
Սեպտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպան, BRICS-ում Ռուսաստանի ներկայացուցչի օգնական Պավել Կնյազեւը «Վալդայ» ակումբի քննարկմանը: «Այդ թվում քննարկվում են (…) BRICS-ի երկրների արժույթների հիման վրա միասնական հաշվարկային արժույթի ստեղծման հնարավորություններն ու հեռանկարները»,- ասել է նա: Կնյազեւի խոսքով՝ «ընթանում են BRICS-ի երկրների միջեւ ֆինանսական տեղեկատվության փոխանակման եւ ֆինանսական հաշվարկների մեխանիզմների թեմայի ակտիվ ուսումնասիրում եւ դրա մշակում»:
Միավորման երկրները նպատակամիտված են ամրապնդելու ֆինանսական եւ առեւտրական համագործակցությունը, ընդգծել է Կնյազեւը: Նա նաեւ նշել է BRICS-ի պետությունների միջեւ առեւտրի կայուն աճը՝ չնայած համավարակի պատճառով սահմանափակումներին եւ մյուս դժվարություններին, որոնք բնորոշ են ընթացիկ տարվա համար: Միավորման շրջանակներում, դիվանագետի խոսքով, նաեւ չի նվազում ուշադրությունը պարենային անվտանգության թեմայի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: