Պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն հաստատելու շուրջ․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նշեց, որ Ադրբեջանի գործողությունները նաև Հայաստանում բնականոն կյանքը խաթարելու միտում ունեն: Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի, քանի որ հանրությունը լարվածությամբ, անընդհատ սպասում է լուրերի և ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է կյանքի և աշխատանքի բնականոն ցիկլից:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է կենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, քանի որ տնտեսության համար համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է և անկյունաքարային նշանակություն ունի : Ես հորդորում եմ, որպեսզի մենք այս հանգամանքի մասին չմոռանանք»,-ասաց նա :
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանի ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, անվտանգության խորհուրդը, անընդհատ աշխատում են այս թեմայի վրա:
«Մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու և մեր առաջարկած օրակարգը իրագործելու ուղղությամբ: Մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը , տարածքային ամբողջականությունը պետք է հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանենք»,- հավելեց Փաշինյանը: