«Հայաստանում հակառուսական տրամադրությունների պուլտն Ալիևի ձեռքում է». Ռոբերտ Քոչարյան
«Ես մի բան գիտեմ հստակ՝ այդ տրենդը, որը փորձում են ձևավորել, մեզ լավ տեղ չի տանելու։ Եվ իսկապես այնպիսի վիճակ է ստեղծվել, որ կան արգումենտներ հակառուսականությունն այստեղ առաջ քշելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Հայաստանում ձևավորված հակառուսական տրամադրություններին վերաբերող հարցին։
Ըստ նրա, հայ ժողովրդի ակնկալիքն այնպիսին էր, որ Հայաստանի դաշնակիցը, ռազմավարական գործընկերը պետք է միջամտեր։
«Այսօր իմ ելույթի զգալի մասը հենց դրան էր ուղղված, մենք պետք է ճիշտ գնահատենք Ռուսաստանի հնարավորությունների սահմանն այս վիճակում, հնարավորությունները ոչ միայն ֆիզիկապես, այլ այն սահմանը, որտեղ իրենք սկսում են հակասել իրենց ազգային շահերը։ Իրենք նաև Ադրբեջանին համարում են դաշնակցային պետություն և, ըստ այդմ, փորձում են կառուցել իրենց քաղաքականությունն Ադրբեջանի հետ։ Սա կատարվում է այն ժամանակ, երբ մենք թուլացանք, որովհետև մենք էինք այդ հենարանը տարածաշրջանում Ռուսաստանի համար։ Եվ նաև մեր թուլանալու պատճառով սկսվեց մի գործընթաց՝ ավելի մանրացնելու Ռուսաստանի շահերն այս տարածաշրջանում։
Ամեն դեպքում, ես համոզված եմ, որ այսօր հնարավոր է այդ տրամադրությունները գեներացնել Հայաստանում։ Դրա համար ասացի, որ իմ տպավորությամբ՝ այդ տրամադրությունների պուլտն Ալիևի ձեռքին է։ Պատկերացրեք, ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ՝ հարձակում, կորուստներ, և ամիսը մեկ Հայաստանի իշխանությունները դիմում են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, և մի հինգ անգամ նման ալիքներ, և հակառուսականությունը Հայաստանում շատ լուրջ արմատներ է գցելու, ինչը մեզ լավ տեղ չի տանելու, հաստատ։ Աշխարհը շատ է փոխվելու, բայց այդուհանդերձ Ռուսաստանը մնալու է մեր ռազմավարական գործընկերը»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում