Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ
2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը` ժամը 11.00-ն: Այս մասին ասվում է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ
Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թվով 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում:
Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի նոր կանոնակարգման համաձայն քվեարկությունից հետո երկրորդ օրը՝(այսօր՝ սեպտեբերի 27-ին) ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վիճակահանությամբ ընտրել են այն ընտրական տեղամասերը, որոնք պետք է ենթարկվեն պարտադիր վերահաշվարկի։
Բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ժամը 14։00-ին մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները։
Ընդհանուր առմամբ այսօր վերահաշվարկվել են թվով 46 տեղամասերի արդյունքներ։ Վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյուքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։
Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով վերահաշվարկի աշխատանքները ավարտվում են քվեարկությունից հետո հինգերորդ օրը(սեպտեբերի 29-ը), մինչև ժամը 14։00-ն։ Վերահաշվարկի աշխատանքները ավարտվելուց հետո ԿԸՀ-ն հանդես կգա վերահաշվարկի արդյունքերի մասին ամբողջական հայտարարությամբ։