«Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար ունենալը պարզապես ինքնասպանություն է». Աշոտ Անդրեասյան
«Այս իրավիճակից հնարավոր կլիներ խուսափել, եթե երկրի ղեկավար չլիներ դավաճան և կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը: Մենք մինչև պատերազմը և դրանից հետո զգուշացրել ենք այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել և տեղի է ունենում այս օրերին: Հիմա մեր խնդիրը Հայաստանը կործանումից փրկելն է, որովհետև Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ով էլ գա իշխանության՝ նույնը, գուցե ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու:
Աշոտ Անդրեասյանը նկատեց՝ առաջին նախագահի կարծիքով՝ 1991թվականին, երբ սկսվեց արցախյան ազատամարտը, այդ ժամանակ պետք է հայկական կողմը Ադրբեջանին հանձներ այն ամենը, ինչ Ադրբեջանն էր ուզում. «Կան մարդիկ, ովքեր ունեն պարտվողական կեցվածք և ամեն ինչի փրկությունը տեսնում են հանձնելու, տալու, վաճառելու մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունն ու նրա մտքերը, առհասարակ, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ են համընկնում: Երեկվա Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից պարզ դարձավ, որ ոչինչ չի փոխվել, և նա արդարացնում էր իր քաղաքական աշակերտի վարած քաղաքականությունը, այն ամենը, ինչը նա հանձնել է: Ես կարծում եմ, որ մեր երկու նախագահները, Վեհափառը և Արցախի նախագահները կկարողանան այս հարցին այնպիսի լուծում տալ, որ գոնե նախ և առաջ Փաշինյանը հեռանա իշխանությունից, և հետագայում արդեն միասնական ուժերի շնորհիվ փորձեն Հայաստանը փրկել այս ամոթալի և կործանարար իրավիճակից»:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի նման ղեկավար ունենալը պարզապես ինքնասպանություն է.
«Մենք տեսնում ենք՝ ինչպես է Նիկոլ Փաշինյանը տանում սպանության մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր երկիրը, ներառյալ՝ մեր լույս տղաները, ովքեր առանց մտածելու, թե ով է երկրի ղեկավարը, իրենց կյանքերի գնով ամեն ինչ անում են, որ պահեն մեր հողերը, սակայն Փաշինյանը, միևնույն է, ոնց տեսել ենք՝ ինչ ցանկանում՝ ստորագրում ու նվիրում է թուրքին: Ես վստահ եմ, որ այս խնդրի լուծումը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մեջ է»:
Աշոտ Անդրեասյանը նկատեց. «Պատմությունը ցույց է տվել, որ ամենաանհուսալի իրավիճակներում խնդիրը միայն լուծվել է անձնազոհության և պայքարի միջոցով, ոչ թե՝ կզած լինելու, հանձնելու, ստորագրելու և տալու միջոցով: Այդպես ազգերը վերանում են: Մենք հիմա համաշխարհային պատմության համար վառ օրինակ ենք՝ ինչպես կարող է ազգը վերանալ, և պետք է այս իրավիճակը րոպե առաջ կանխենք, պայքարենք: Շատ մոտ է այդ օրը, որ թուրքը հասնի Երևան, և չեմ մտածում այն մասին, որ ինչ-որ բան ստորագրեմ ու փրկվեմ, որովհետև թուրքի նպատակն այն է, որ դու վերանաս, պետք է դրան հակադարձել պայքարով, թեկուզ՝ դա լինի կյանքի գնով: Իսկ դրա համար պետք է նվիրյալ գերագույն գլխավոր հրամանատար, ոչ թե՝ ծաղրածու Նիկոլ Փաշինյան»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում