«44-օրյա պատերազմից 2 տարի անց Հարավային Կովկասում անկայունության նոր փուլ է՝ նոր ակտիվ խաղացողներով». վերլուծաբան
«Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից երկու տարի անց աշխարհում և Հարավային Կովկասում ոչ պակաս ծանր ժամանակահատված է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը, անդրադառնալով 44-օրյա պատերազմից 2 տարի անց տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Նա նշեց, որ երկու տարի առաջ Ղարաբաղյան պատերազմը, սիրիական պատերազմին զուգահեռ, պատերազմական մի կղզյակ էր, սակայն հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասը, Մերձավոր Արևելքը, Եվրոպան թևակոխել են ռազմական անկայունության և սպառնալիքների նոր փուլ, քանի որ փլվել է աշխարհակարգը:
Նրա խոսքով, երկու տարի առաջ աշխարհաքաղաքական իրավիճակը պատերազմի շուրջ լիովին տարբեր էր, քան այսօր:
«Արևմուտքն անտարբեր էր այն զարգացումների հանդեպ, որոնք ծավալվում էին Ղարաբաղյան հակամարտության գոտում, Ռուսաստանը, ինչպես միշտ, կանգնեցրեց պատերազմը, իսկ ներկայումս Ռուսաստանը ստիպված է ավելի պասիվ դիրքորոշում ստանձնել, քանի որ իրերի դրությունը լիովին փոխվել է:
Արևմուտքը ներգրավվածությունը Հարավային Կովկասում ևս փոխվել է: Անկախ ամեն ինչից՝ թե նախորդ պատերազմից, թե ներկայիս իրավիճակից, կարող եմ կրկնել այն, ինչ միշտ եմ ասել, որ նման հակամարտությունները կարգավորելը չափազանց բարդ է, այսօր էլ փաստորեն այն չունի վերջնական կարգավորում, իսկ պատմական խնդիրները հաղթահարելը ևս բարդ է, խոսքը Թուրքիայի մասին է: Դրական կլիներ, եթե այս երկու տարին ծառայած լինեին այն խնդրին, որ սպառնալիքները ոչ թե ավելանային, այլ պակասեին»,- ասաց Լուկիանովը:
Ըստ նրա, այսօրվա առանձնահատկությունը նաև այն է, որ Հարավային Կովկասում նոր ակտիվ խաղացողներ են նկատվում՝ Իրանը ու Միացյալ Նահանգները, որոնք նաև միմյանց միջև ունեն անհաղթահարելի խնդիրներ:
«Պատերազմը Ուկրաինայում հենց այդ աշխարհակարգի փլուզման հետևանք էր, այս ամենը երկարատև գործընթաց է, որը դրամատիկ ընթացք ունի նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրությունը: Բայց պետք է նշել, որ որքան բարդ են միջազգային հարաբերությունները, այնքան կա հնարավորություն ակտիվ աշխատելու և հնարավորություններ փնտրելու համար»,- ասաց նա: