Շուրջ 80 գերիներ պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի կողմից և ենթարկվել են բռնի անհետացման. Սիրանուշ Սահակյան

«Պատերազմի 2-րդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ շուրջ 156 գերիներ ներդրված իրավական ու քաղաքական ջանքերի շնորհիվ հայրենադարձվել են, բայց կան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում:

«Չափազանց կարևոր և զգայուն խնդիր է, որ ունենք շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման:

Պաշտոնապես Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմի վերսկսումը, կազմում է 33-ը, իսկ հետպատերազմյան շրջանում մենք ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպք: Դրանց ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնականացվել է, բայց առաջիկայում ևս պատասխաններ են ակնկալվում ՄԻԵԴ-ի միջոցով, և ավելի հստակ կկարողանանք հաստատել նաև վերջին միջադեպերով գերիներին»,- մանրամասնեց իրավապաշտպանը:

Նա հավելեց, որ իրենք գործում են անհատական գանգատների հիման վրա, և միևնույն ժամանակ կա միջպետական գործընթաց հենց ՄԻԵԴ-ում, որի առարկան ներառում է նաև գերիների հիմնախնդիրը, նրանց նկատմամբ վերաբերմունքը, նաև հայրենադարձումը:

«Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաև Արդարադատության միջազգային դատարանում՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի համատեքստում: Այս տեսանկյունից կարծում եմ՝ իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել՝ որոշակի առումով նաև աննախադեպ, որովհետև ՀՀ-ն նախկինում զերծ է մնացել որևէ պետության դեմ մարդու իրավունքների խնդիրներով միջպետական գործեր ներկայացնելուց. պետությունն առաջին անգամ է, որ իր դեմքով այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում:

Թերևս, միակ բացը, որ կարելի է լրացնել իրավական գործընթացում, Պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է՝ նույն ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում, քանի որ գործընթացները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերի լինելուց, և նրանք որպես պատանդներ պահվում են և օգտագործվում են միջոց՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով:

Եվ նրանց հայրենադարձումն ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից: Դրա համար կան բավարար փաստեր պնդելու, որ նրանք պատանդներ են»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը՝ կարևորելով այս հարցում պաշտոնական, դիվանագիտական ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս