Շողակաթ համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունները կդադարեն Ճամբարակ համայնքի ավագանու առաջին նիստից հետո

Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները կդադարեն Ճամբարակ խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի համապատասխան որոշման, վերամիավորվում են Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքները՝ կազմելով Ճամբարակ խոշորացված համայնք։ Ճամբարակ համայնքի ավագանու հերթական ընտրություններից հետո, սահմանված ընթացակարգի համաձայն, տասնօրյա ժամկետում ԿԸՀ-ն հրապարակում է ընտրությունների արդյունքները, մանդատներ շնորհում նորընտիր ավագանու անդամներին, որից հետո հնգօրյա ժամկետում հրավիրվում է ավագանու նիստ, որտեղ ընտրվում է համայնքի նոր ղեկավարը, որից հետո արդեն դադարեցված են համարվում Շողակաթ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների լիազորությունները։

«Այդպիսով, Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքների վերամիավորմամբ արդեն Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում ընդգրկվում է 16 բնակավայր՝ Ճամբարակ քաղաքը, Անտառամեջ, Կալավան, Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Վահան, Աղբերք, Դրախտիկ, Շողակաթ, Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղերը։ Իսկ Գեղարքունիք մարզն արդեն նախկին վեցի փոխարեն ունենում է խոշորացված հինգ համայնք՝ Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սեւան, Ճամբարակ»,-ներկայացրեց Վանիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս