
ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործին. դեսպանությունը զորակցություն է հայտնել

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 27-ին ՝ 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ ցավակցել և իր զորակցությունն է հայտնել պատերազմի հետևանքով զոհվածների, վիրավորների ընտանիքներին։
Դեսպանության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Սեպտեմբերի 27-ին հիշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զոհերին և ցավակցում ու զորակցում ենք զոհվածների, վիրավորների ընտանիքներին։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին»:
Դեսպանությունը կից հրապարակել է նաև լուսանկար, որում դեսպան Լին Թրեյսին մոմ է վառում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պատերազմ էր սանձազերծել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, քաղաքացիական անձանց: Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Չնայած եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությամբ՝ 2 տարի անց էլ Ադրբեջանը դեռևս ամբողջությամբ չի վերադարձել հայ գերիներին: