Բաժիններ՝

Այսօր Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է

2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտում մասնակցում էր անգլերենի դասընթացների ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի սպա ռամիլ սաֆարովի կողմից։

Ադրբեջանցին թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարել նրան: Երկարատև դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի:

Հունգարական դատարանը բազմիցս հայտարարել էր Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին Իլհամ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը:

Նույն օրը պաշտոնական Երևանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Բուդապեշտում տեղի ունեցած անմարդկային ոճրագործության զոհ դարձած Գուրգեն Մարգարյանի մահվան դրվագներից պատմել է Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը.
«Երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը։ Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը։ Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է, ու տեսել ադրբեջանցուն՝ ռամիլ սաֆարովին, մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։

Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Չորս բոլորը արյուն էր։ Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը։ Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի։ Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել։ Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին։

Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնացել է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել։

Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային։ Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել։ Ռամիլը արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել։ Չկարողանալով կոտրել դուռը, նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը։ Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացեր դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ փրկում է հայ սպայի կյանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս