F-16-ի գործարքի չկայանալու դեպքում Թուրքիան կարող է ռուսական Սու-35-եր գնել
Եթե ամերիկյա F-16 կործանիչներ գնելու վերաբերյալ գործարքը ձախողվի, ապա Թուրքիան կարող է ռուսական արտադրության Սու-35 կործանիչներ գնել. հայտարարել է երկրի պաշտպանական արդյունաբերության գործակալության նախագահ Իսմայիլ Դեմիրը։
Դեմիրը CNN Türk-ին ասել է, որ Թուրքիան F-16-ին այլընտրանք չունի՝ հավելելով, որ մի տարբերակ կարող է լինել Սու-35-ը:
Թուրքիան դիմել է 40 F-16 Blok 70 Viper ինքնաթիռի և մինչև 80 արդիականացման հանդերձանքի՝ իր գոյություն ունեցող F-16-երի համար՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց հետո։ 2019 թվականին ռուսական զենքի ձեռքբերումը ԱՄՆ-ին դրդել էր հանել Թուրքիային F-35 կործանիչ մշակելու և ձեռք բերելու իր ծրագրից։ Անցյալ տարի Թուրքիան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Անկարային առաջարկել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների փոխարեն գնել չորրորդ սերնդի F-16 կործանիչներ։
Հուլիսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը փոփոխություն էր ընդունել Պաշտպանության ազգային թույլտվության մասին ակտում՝ սահմանափակելու F-16 կործանիչների առաջիկա տեղափոխումը Թուրքիա: Փոփոխությունը պահանջում է երաշխիքներ ԱՄՆ նախագահի անունից, որ ինքնաթիռները չեն օգտագործվի դեպի հունական տարածք չարտոնված թռիչքների համար, ինչը Անկարան մերժել է։
Կործանիչների վերաբերյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ցանկացած հնարավոր գործարք կպահանջի Կոնգրեսի հավանությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կարող է հեռախոսազրույց ունենալ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ քննարկելու Անկարայի կողմից F-16 կործանիչներ գնելու հարցը, գրում է Daily Sabah-ը։