Ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Նյու Յորք․ Կառավարությունը խոստանում է ժամանակին պատշաճ տեղեկություն տրամադրել

Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո մամուլում հայտնվեցին այդ հանդիպման մանրամասները: Հայաստանի «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը, օրինակ, տեղեկացրել էր, որ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, և մեկնումից առաջ հանդիպումով փորձում էր ստանալ հասարակական կարծիքն ու գնահատականն իրավիճակի վերաբերյալ։

«Այս անգամ բոլոր հավաքվածները միաձայն էին, և առաջին դեպքն էր, երբ անխտիր բոլորն արտահայտվեցին այս աշխարհաքաղաքական փոփոխության և ճիշտ քայլեր կատարելու օգտին։ Եվ խոսքը ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին է։ Կարծում եմ՝ մենք արտահայտում ենք հանրապետության ճնշող մեծամասնության կարծիքը՝ հորդորելով, որ Փաշինյանը կատարի այդ պատմական քայլը»,- մանրամասնել էր նա:

Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի մասին 168.am–ի հարցադրումներին ի պատասխան՝ կառավարությունից դեռևս միայն փոխանցեցին, որ ժամանակին պատշաճ տեղեկատվություն կտրամադրեն:

Իսկ թե ինչ օրակարգով է Փաշինյանը մեկնում Նյու Յորք, արդյո՞ք այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ, կամ փաստաթղթերի ստորագրում՝ մեր հարցադրումների պատասխանները չմեկնաբանվեցին:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Տեսանյութեր

Լրահոս