«Ելակ ուտելը բերվեց առաջին պլան, հայրենիքը մղվեց երկրորդ պլան»․ Միքայել Աջապահյան․ «Հրապարակ»

Պարզվեց` երեսնամյա մեր պետականությունը շատ փխրուն է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակում մեղավորները միայն մենք ենք՝ Հայաստանի հասարակությունն ու պետական գործիչները։ Եվ մեր թերություններից մեկն էլ դա է՝ դրսում մեղավորներ փնտրելը, դրա համար էլ այս օրհասական վիճակում ենք։ Բացի այդ, հայ հասարակությունն ու պետական գործիչները չեն գիտակցում, որ մենք ու միայն մենք ենք մեղավոր այս հարցում և ոչ թե ռուսը, ամերիկացին։ Դե թուրքն էլ մեղավոր ու մեղավոր է։

«Միշտ էլ մեղավոր ենք միայն մենք։ Այն, որ թուրքը հարձակվում է՝ թուրքը չի մեղավորը՝ մենք ենք մեղավոր»,- ասաց Սրբազանը։ Խոսելով հասարակության շրջանում բևեռացումից, մեր զրուցակիցն ասաց, որ եկեղեցին, որպես այդպիսին, միշտ է եղել հայ ժողովրդի միավորման գրավականը։ Այն միշտ եղել է և հիմա էլ պատրաստ է ավելին անել, բայց այդ ցանկությունը պետք է լինի նաև հայ հասարակության շրջանում։

«Ցավոք, այսօր հայ հասարակությունը այն տրամադրությունն է ցույց տալիս մեծամասամբ, որ հայ եկեղեցին իր տեղում մնա արդեն բավական է, այսինքն` չխառնվի այս գործին։ Հիմա հայ եկեղեցին խառնվում է այնքանով` որքանով․․․ես լուռ չեմ մնում, և կան ուրիշ սրբազաններ էլ, որ լուռ չեն մնում, Մայր Աթոռն իր տեսակետը արտահայտում է»,-ասաց Աջապահյանը։

Նա հավելեց, որ եկեղեցին պատասխանատվություն պատրաստ է վերցնել, սակայն այդ պատասխանատվությունը չի խլի և սխալ է համարում եկեղեցու առաջնորդող դերի մասին խոսել ու վկայակոչել այն ժամանակները, երբ հայկական պետականություն չի եղել։ Այն ժամանակ եկեղեցին ոչ մեկին չի հարցրել՝ առաջնորդել, թե ոչ, սակայն այսօր կա իշխանություն… «Քանի դեռ մեր սրբազան, հայրենի բանակը ենթարկվում է այս իշխանություններին, մենք չենք կարող այս իշխանություններին ընդունել որպես օտար։ Այսպիսի պայմաններում ռազմական հեղաշրջումը նվազագույն տրամաբանական քայլն է, որը կարող է լինել» ,-ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Նա հավելեց, որ լավագույն դեպքում լինելու է Հայաստանի Հանրապետություն անունով ռեզերվացիա, որտեղ թույլատրվելու  է հայերին ապրել, ունենալ մշակութային ինքնավարություն, բայց չունենալ բանակ։ «Դա միայն Իլհամ Ալիևի պահանջները չեն՝ դա թուրքական աշխարհի պահանջն է, որ մենք լինենք ընդամենը մշակութային, լեզվային միավոր և լինենք թուրքերի հսկողության տակ»,-ասաց մեր հյուրը։

Եվ ՀՀ կոչվող ռեզերվացիայում` ընդամենը հարյուր տարվա ընթացքում, հայերն իրենց հայրենիքում կվերածվեն փոքրամասնության։

Անդրադառնալով կաթողիկոսի, եկեղեցու կողմից միջազգային հոգևոր կազմակերպություններին, տարբեր երկրների հոգևոր առաջնորդներին դիմելու խնդրին, որ արդբեջանական ռազմական ագրեսիան կասեցնեն, Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ այդ աշխատանքը տարվում է, սակայն պետք է գիտակցել, որ ժամանակակից աշխարհում եկեղեցին այն հզորությունը չունի, ինչ նախկինում։ Եվ այդ իմաստով բոլոր եկեղեցիները ճգնաժամային վիճակում են և գրեթե բոլոր երկրներում դեմոկրատիայի փոխարեն օխլոկրատիա է, ինչպիսի օխլոկրատիա ձևավորվել է Հայաստանում։ Նա շեշտեց, որ օխլոկրատիայի պարագայում եկեղեցու դերակատարումը, ազդեցությունը իրողությունների ու դրանց ընթացքի վրա կտրուկ նվազում է։

Ինչ վերաբերում է բանակում հոգևոր սպասավորների աշխատանքին, Աջապահյանն ասաց, որ բանակը մասսայական օրգանիզմ է, որի բոլոր օղակները պետք է միասին գործեն, որպեսզի բանակի համակարգը հաջողություն գրանցի։
«Այս իշխանության հիմնական թերացումն այն էր, որ ինքը բանակը կազմալուծեց ներսից և կազմալուծեց աննկատ։ Զինվորը բերվեց առաջին պլան,  զինվորի իրավունքները բերվեցին առաջին պլան, ելակ ուտելն ու չուտելը բերվեց առաջին պլան՝ Հայրենիքը մղվեց երկրորդ պլան»,-ասաց վերջինս։

Միքայել Սրբազանը նշեց, որ զինվորին սովորեցրին փրկել իր կյանքը, այնինչ զինվորը բանակ է գնում՝ Հայրենիքի կյանքը փրկելու, որպեսզի իր թիկունքում եղած հայրը, մայրը, քույրն ու եղբայրը կամ երեխաներն ապրեն իրենց փրկած Հայրենիքում։

Անդրադառնալով հասարակության շրջանում քննարկումներին, որ կարո՞ղ է արդյոք Լևոն Տեր Պետրոսյանի և կաթողիկոսի հանդիպումը հանգեցնի նախկին նախագահների հետ կոլեգիալ մարմնի ստեղծմանը, Աջապահյանն ասաց, որ ինքը ենթադրում է, որ այդ աշխատանքների արդյունքում իշխանություններին այդ ստեղծվելիք մարմինը գործողությունների պլան կառաջարկի, սակայն իր անձնական նախապատվությունն այն կլիներ, որ այդ նոր ձևավորվող մարմինը առաջնորդեր ժողովրդի հոծ զանգվածին։ Նա շեշտեց, որ նախկին նախագահները երբեմն հանիրավի շատ են մեզ մոտ վարկաբեկված և դա խնդիր է լինելու, որպեսզի նրանք առաջնորդեն այս իրավիճակից դժգոհ զանգվածին»

Տեսանյութեր

Լրահոս