
Արարատ Միրզոյանը Կոսովոյի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ-ի դեմ Բաքվի ագրեսիայի հետևանքները և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները

Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ:
Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին:
«ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները և Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները:
Դոնիկա Գյորվալա-Շվարցը անդրադարձել է Արևմտյան Բալկաններում իրավիճակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները: