Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Ղարիբաշվիլի-Էրդողան օրակարգում են
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ հանդիպման թեմաները եղել են Վրաստանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը, առևտրատնտեսական հարաբերությունները և անվտանգության միջավայրն աշխարհում ու Կովկասյան տարածաշրջանում։
Տեղեկության համաձայն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում կայացած հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների սերտ բարեկամական և գործընկերային հարաբերությունների կարևորությունը։
Նշվել են երկու երկրների ռազմավարական գործընկերության առանցքային արդյունքները, բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունների քաղաքական դինամիկան, Վրաստանի և Թուրքիայի ներգրավվածությունն ու ակտիվ համագործակցությունը տարածաշրջանային-աշխարհառազմավարական նախագծերում։
Քննարկված հարցերի թվում են եղել նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմը և դրա հետևանքով ստեղծված անվտանգության բարդ իրավիճակն աշխարհում ու տարածաշրջանում։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը տարածաշրջանի հետագա զարգացումն ու երկարաժամկետ բարգավաճումն ապահովելու համար։
Այս համատեքստում նշվել է Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել հայ գերիներին, իսկ Հայաստանը կարևոր քարտեզներ է հանձնել Ադրբեջանին։
Նշվել է նաև, որ Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև բոլոր ուղղություններով արդյունավետ համագործակցության հետագա զարգացումը նույնպես կարևոր է տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման համար։
Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահին հրավիրել է Վրաստան։