Բեռլինում սպասում են ԱՄԷ-ում ՀԲԳ-ի գնման շուրջ պարտավորագրի ստորագրմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄԷ առաջիկա այցի ընթացքում, ինչպես սպասվում է, հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) Գերմանիա ներմուծման պարտավորագիր կստորագրի: Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը: Նրա խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը:
«Գազի մատակարարումներն աստիճանաբար աճում են, և կառավարությունը մշտապես բանակցություններ է վարում այդ թեմայով, այդ թվում՝ Արաբական թերակղզու երկրների հետ: Կանցլերը կուղևորվի ԱՄԷ և, իհարկե, նա հնարավորություն կունենա այնտեղ ՀԲԳ-ի պարտավորագրեր ստորագրել»,-ասել է Հաբեքը:
Հանդես գալով Լուբմինում կառուցվող ՀԲԳ-թերմինալ այցելելուց հետո՝ նախարարը նշել է, որ բանակցություններ են ընթանում նաև աֆրիկյան երկրների հետ, և որ Բեռլինն այդպիսով կփոխարինի ռուսական գազի անբավարարությունը:
Նրա խոսքով՝ ԳԴՀ-ն պահեստարանները գազով լցրել է 90 տոկոսով. սակայն այն, ամենայն հավանականությամբ, ձմեռվա ավարտից հետո չի մնա: Սեպտեմբերի 24-ին Շոլցը կուղևորվի Սաուդյան Արաբիա, սեպտեմբերի 25-ին նա կայցելի ԱՄԷ և Քաթար:
Bloomberg-ը նշում է, որ փետրվար ամսից ԳԴՀ-ն և Քաթարը՝ ՀԲԳ-ի խոշոր համաշխարհային մատակարարը, բանակցություններ կանցկացնեն Բեռլինին գազի մատակարարումների շուրջ, սակայն կոնսուլտացիաները դեռ հաջողությամբ չեն պսակվել:
Բեռլինում պնդել են, որ Քաթարը կոշտ դիրք է զբաղեցրել գազի գների և հնարավոր պարտավորագրերի գործողությունների ժամկետների նկատմամբ: ԳԴՀ-ն ոչ դյուրին բանակցություններ է վարել նաև Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գազի հնարավոր մատակարարների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: