Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում. ՄԻՊ
Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում։ Այս մասին «Ազատություն» ՌԿ Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը՝ նշելով, որ թվերը կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով նոր տեսանյութերը կամ, ցավոք սրտի, եթե զինծառայողի անունը հայտնվում է զոհված զինծառայողների ցուցակում։
Օգտատերերը հետաքրքրվել էին՝ ինչ գործողություններ են կատարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու համար և, արդյոք ՄԻՊ-ը վստահ է, որ պաշտոնական հաստատված ռազմագերիների կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում, ինչին արձագանքելով Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ անկասկած է, որ որևէ մեկը չի կարող նման վստահություն ունենալ, առնվազն ենթադրություն էլ չենք կարող ունենալ։
« Ցավալիորեն, մենք տեսանք նաև զինծառայողներ, որոնք վիրավոր էին, և վստահ չենք կարող լինել, որ այդ վիրավորում ստացած անձանց տրամադրվում է բժշկական օգնություն: Մեր գրասենյակ նույնպես հարազատները դիմել են, նույնականացրել ենք ռազմագերիներ, այս մասով տեղեկություններն անմիջապես Կարմիր խաչին ենք ուղարկել, միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակի հետ ենք կիսվել մեր տվյալներով, որպեսզի այդ հրատապ միջոցների համար ՄԻԵԴ դիմի ներկայացուցիչը, այդ տվյալները ներկայացրել ենք ամեն օրվա կտրվածքով»,- նշեց նա:
Անդրադառնալով կին զինծառայողների խոշտանգման դեպքերին, մասնավորապես, դեպքին, երբ կին զինծառայողին խոշտանգել են, կտրել մատները, ոտքերը, մարմնին գրել «Յաշմա», Քրիստինե Գրիգորյանը հայտնեց, որ միջոցներ արդեն ձեռնարկվել են՝ վերլուծված, այդ թվում՝ բժշկական վերլուծության ենթարկված տեսանյութը,՝ իրավական վերլուծություններով, արդեն իսկ ուղարկվել է թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովներին, աշխատանքային խմբերին, և ես հետևողականորեն է աշխատելու այս առումով` հետևելով, որ սրան պատշաճ գնահատական տրվի: Նա նշեց, որ կին զինծառայողին թիրախավորել էին, որովհետև ոչ միայն ինքը զինծառայող է, ոչ միայն հայ էր, այլ որովհետև ինքը կին էր, և այդ առանձնահատուկ դաժանությունը պատշաճ կերպով ներկայացվել է բոլոր կոմպետենտ մարմիններին։