
Ամենակարևոր ուղերձը հենց ինքնին այցն էր. միջազգայնագետ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած երկօրյա այցն ավարտվեց: Ու թեև այցի արդյունքների շուրջ իրարամերժ տեսակետների պակաս չկա, այդուհանդերձ պետք է արձանագրել՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակը հստակ դատապարտեց Ադրբեջանի հարձակումները, նշեց, որ շարունակելու են աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը, նկատեց, որ ԼՂ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր իրենց ուշադրության կենտրոնում են:
Նենսի Փելոսիի՝ հայաստանյան այցի հիմնական մեսիջները՝ 168.am-ի հետ զրույցում առանձնացրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Կարծում եմ՝ ամենակարևոր ուղերձը հենց ինքնին այցն էր, որովհետև այս ծանր իրավիճակում այն, այդուհանադերձ, չի չեղարկվել: Երկրորդն այն էր, որ Փելոսին ասեց՝ ինքներդ որոշեք, թե ինչ եք ուզում, հետո եկեք այդ որոշումը քննարկենք, հասկանանք ՝ մենք ի՞նչ կարող ենք անել ձեզ համար: Երրորդ կարևոր մեսիջը՝ շարունակեք ժողովրդավարական ճանապարհով գնալ. սա մեզ համար մենք կդիտարկենք առաջնահերթություն, և դա ձեզ վրա միայն դրականորեն կազդի»,- նշեց միջազգայնագետը:
Իրատեսական և օբյեկտի՞վ են արդյոք հատկապես այս այցից հետո արևմտամետ տարբեր շրջանակների այն ոգևորությունը, թե ՀՀ-ն շուտով արտաքին վեկտորի փոփոխության գնա՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ միջազգայնագետը նկատեց. «Դժվարությամբ եմ հավատում նրան, որ այսօր ՀՀ-ն կարող է գնալ վեկտորի փոփոխության: Դա, կարծում եմ, քիչ հավանական է այս պահի դրությամբ՝ հաշվի առնելով միջազգային քաղաքական պրոցեսները և ՌԴ ազդեցությունը մեր տարածաշրջանում»: