«Սնարյադն ընկել ա ուղիղ սկոռու վրա․․․»․ զոհված 29-ամյա Գևորգը կռվի առաջին օրվանից սարերում օգնություն է ցուցաբերել վիրավոր զինվորներին
Սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմն այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով ունի 135 հաստատված զոհ, որոնց թվում են նաև քաղաքացիական անձինք։
Թշնամու հրետակոծության հետևանքով զոհվել է Սիսիան խոշորացված համայնքի Նորավան բնակավայրի բնակիչ 29-ամյա Գևորգ Հայրապետյանը։
Գևորգն ունի 2 քույր և 1 եղբայր, ինքը երեխաներից փոքրն էր, ամուսնացած էր, ունի 4 երեխա։
«Չորս երեխա, բոլորը՝ տղա, կինը 5-րդ երեխային է սպասում․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Գևորգի ընկերները։
Նրանք պատմեցին, որ կռվի առաջին օրը Գևորգը վտանգելով կյանքը՝ բարձրացել է գյուղի մոտակա սարը և զինվորիներին օգնություն ցուցաբերել․
«Դեպքից 1 օր առաջ ընկերների հետ բարձրացել, գյուղի վերևի սարից վիրավոր զինվորին ձիով իջեցրել է մոտ 2 կիլոմետր, հետո նոր մեքենայով տեղափոխել են զինվորական հոսպիտալ, էդ զինվորի կյանքը հաջողվել է փրկել»։
Ընկերները պատմեցին, որ դեպքի օրը Գևորգը կրկին շտապել էր դիրքեր, սակայն շտապ օգնության մեքենան խափանվել էր, վարորդի հետ փորձում էին նորոգել, որպեսզի վիրավոր զինվորներին տեղափոխեին հոսպիտալ․
«Սնարյադն ընկել ա ուղիղ սկոռու վրա։ Եղբայրը հարյուր մետր հեռավորության վրա է եղել, տեսել է, ինքն է սկոռու միջից հանել, տեղափոխել հոսպիտալ, բայց ճանապարհին արդեն մահացած է եղել․․․»։
Ընկերները պատմեցին, որ Գևորգը գյուղում անասնապահությամբ էր զբաղվում, ֆերմա ունի։ Մոտ 1 ամիս առաջ էր տուն գնել, նպատակ ուներ էլի տուն գնել, որպեսզի տղաները ոչ մի բանի պակաս չունենան․
«Մոտ 10 տարի այդ տանը վարձով էր ապրում, 1 ամիս առաջ գնել էր։ Նպատակ ուներ՝ գյուղում էլի տուն առներ, որ տղաներին ապահովեր, միշտ ասում էր՝ տուն առնեմ, որ տղաներս մեծանան՝ տան խնդիր չլինի․․․»։
Գևորգ Հայրապետյանը հուղարկավորվել է Նորավանի գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը և Ջերմուկ քաղաքը։ Պատերազմական գործողությունների ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ուներ 135 զոհ, որը վերջնական չէ։
168.am-ը շարունակում է 44-օրյա պատերազմում սկսած շարքը: Ներկայացնում ենք մարտական գործողություններին մասնակցելիս զոհված զինծառայողների անունները։