«Եթե Նիկոլը հակադարձի, Էրդողանը զապիսները կդնի դեմը, որ խոստացել է Զանգեզուրի միջանցքը տալ». Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում այսօրվա ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին, ասաց՝ Ադրբեջանը հարձակվում է այն հատվածներում, որտեղից հնարավոր է միջանցքը բացել, և կա կասկած, որ եղել է միջանցքի խոստում Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Եթե չի եղել, թող էսօր ասի՝ չի եղել, ու պրծնի այս պատմությունը: Ես չգիտեմ՝ թուղթ ստորագրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե գիտեք, նոյեմբերի 7-ին Ստեփանակերտում մնացել էր 150 հոգի և 25.000 զորք: Եվ հանկարծ կանգնում է պատերազմը, և Ղարաբաղից 3 000 քկմ տարածք պահպանվում է: Այդ գործն արել է Պուտինը, բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ համաձայնեց Ալիևը: Կասկած կա, որ այն ժամանակ հենց եղել է միջանցքի խոստում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ մենք ոչ միայն Ղարաբաղի հարցը չենք լուծել, այլև Հայաստանի:
«Եթե ես սխալ եմ, թող ասի՝ սխալ ես: Իրենք ուզում են ասել՝ մենք միջանցք չենք տալու, փոշմանել ենք: Թող վեր կենա, ասի՝ Էրդողանն ու Չավուշօղլուն ստում են, որ ասում են՝ պայմանավորվածությունները չես կատարում»,- նշեց նա:
ՀՀ նախկին վարչապետի խոսքով՝ երբ 2020թ. նոյեմբերի 9-ին միջանցքի հարցը բարձրացրել են, Փաշինյանը խնդրել է դա հետաձգել:
«Նա ասել է՝ շատ կլինի, էլի, Ղարաբաղը տվել եմ, համ էլ միջանցք տամ… Հետաձգենք: Ալիևը, բնականաբար, չի համաձայնել, ու երկուսով դիմել են Պուտինին, որ նա լինի դրա երաշխավորը, ավելի ուշ դա կիրականացվի: Հիմա, երբ որ մենք մի քանի օր առաջ դիմել ենք ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը չէր հավաքվում, որովհետև ՀԱՊԿ-ը գիտի դա: Եվրամիությունը, Շառլ Միշելն էլ գիտի»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ կրկին շեշտելով՝ թող Փաշինյանը հայտարարի, որ ոչ թե միջանցք չի տալու, այլ, որ չի եղել նման պայմանավորվածություն կամ խոստում:
Բագրատյանը նշեց՝ թող Փաշինյանը հակադարձի Էրդողանին, ով երկու օր առաջ Փաշինյանին հիշեցնում էր իր պայմանավորվածությունների մասին:
«Մհեր Գրիգորյանը վերջերս ասաց՝ միջանցքի մասին հարցեր մի տվեք, չեմ պատասխանելու: Տղա ջան, դու ո՞վ ես, որ չպատասխանես: Բա քեզ ինչի՞ ենք դրել փոխվարչապետ: Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ ՀԱՊԿ-ն ատրճանակ է, որը չի կրակում: Դա մեզ պե՞տք է: Տղա ջան, խնդիրը ՀԱ՞ՊԿ-ն է: Ես չեմ եկել ՀԱՊԿ-ը պաշտպանեմ: Դու որ ՀԱՊԿ-ը վերացնում ես, բա դու էդքան ուղեղ չունե՞ս, Ալեն Սիմոնյան, որ ՀԱՊԿ-ը նախ և առաջ նրա մասին է, որ Ռուսաստանն էլ չմիանա Ադրբեջանին և Թուրքիային… Վերջին հարվա՞ծն եք հասցնում: Եվ տպավորություն կա, որ Հայաստանն ինքն է հրահրում այս վերջին պատերազմները, որոնք իշխող վարչախմբի կարծիքով՝ իրենց հեռացնում են այդ խոստումներից»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Ըստ նրա՝ որերորդ անգամ է, կոչ է անում՝ ասել, որ չի եղել միջանցք տալու մասին պայմանավորվածություն:
«Եթե Փաշինյանն արձագանքի, Էրդողանը կարող է զանգի-ասի՝ տղա ջան, զապիսները կան, ամեն ինչ կա, ականջներդ կքաշենք: Էդ ի՞նչ ես ասում, բա խոսք ես տվել: Նրա չարձագանքելը պայմանավորված է նաև Պուտինի և Իրանի հանգամանքով»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Ցուցադրելով տարածքի քարտեզը՝ Հրանտ Բագատյանն ասաց՝ Ջերմուկի կողմից է հարձակում սկսել Ադրբեջանը, որ ամբողջ Սյունիքը կտրի:
«Դա 8000 քկմ-ից ավելի է: Փաշինյանն ասում է՝ գնալու եմ ստորագրեմ՝ 29800 քկմ: Ինչի՞ ես ասում, եղբայր, գնա, ստորագրի: Դա գեղցու խորամանկություն է: Թող չնեղանան գյուղացիները: Այսինքն՝ ինքը կասի՝ ստորագրում եմ 29․800-ը, բայց մեջը կա միջանցք, իսկ այն մեր ինքնիշխանության տակ 100% չի կարող լինել: Օրինակ, կարո՞ղ է Ջերմուկ քաղաքն էլ լինել էդ ռեժիմի մեջ: Սրան Իրանը դեմ է երկու պատճառով: Էս դեպքում Սյունիքը դառնում է պլացդարմ Իրանի վրա հարձակվելու: Բացի դրանից, Իրանը մտահոգ է, որովհետև մտադիր է Հայաստանով, Վրաստանով մեծ գազամուղ կառուցել դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ադրբեջանն ու Թուրքիան»,- ասաց Հրանտ Բագրատյանը: