ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել 32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին
32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը ներգրավված չի եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«32 մարմինների փոխանցումն արվել է առանց ԿԽՄԿ-ի։ Մենք աշխատել ու շարունակում ենք աշխատել դատաբժշկական փորձաքննության ընթացքում, այդ թվում խորհրդատվություն են տրամադրում այն իրականացնողներին։ Աշխատում ենք գործընթացը կազմակերպող կառույցների հետ և սպասում ենք, որ նրանց կողմից հետագա քայլերը հստակեցվեն»,-ասաց Ամատունին՝ նշելով, որ պատրաստ են մասնակցել նաեւ մարմինների արտահանձնմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը հաստատել էր, որ Ադրբեջանը հայտնել է 100 զինծառայողի դի հայկական կողմին վերադարձնելու մտադրության մասին։ Արդեն իսկ արտահանձնված 32 մարմիններն արդյո՞ք այդ թվի մեջ մտնում են, թե ոչ, ԿԽՄԿ-ն տեղյակ չէ։ Նշենք նաև, որ պաշտպանության նախարարությունը այս պահի դրությամբ հաստատել է միայն 32 հայ զինծառայողների մարմինների փոխանցման մասին։