Բաժիններ՝

DigiTec 2022-ը հետաձգվել է

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը նախատեսում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացնել տարածաշրջանում ոլորտային ամենածավալուն «ԴիջիԹեք 2022» միջոցառումը, որի ընթացքում միաժամանակ կընթանան DigiTec 2022 ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսը և DigiTec Summit միջազգային վեհաժողովը: Հայտարարության մեջ ասված է․

«Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված առանձնահատկությունները, առաջիկա օրերին իրավիճակի կայունացման անկանխատեսելիությունը, ինչպես նաև մեր անդամներից և մասնակիցներից ստացված արձագանքները՝ ԱՏՁՄ-ն ստիպված է եղել որոշում ընդունել հետաձգելու ԴիջիԹեք վեհաժողովի և ցուցահանդեսի անցկացումը։

Բոլոր պայմանագրերն ու ծրագրերը մնում են ուժի մեջ՝ նոր ժամկետում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք միջոցառումից առնվազն 4 շաբաթ առաջ։ Գիտակցում ենք ստեղծված անհարմարությունը հատկապես մասնակից կազմակերպությունների համար, սակայն համոզված ենք, որ բոլորը կիսում են մեր մտահոգությունն ու այն համարում հիմնավորված։

Առանձնահատուկ կերպով ուզում ենք նշել, որ մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման ճանապարհը ուժեղ արդյունաբերություն ունենալն է, ինչին էլ 2005 թ.-ից ի վեր ծառայում է ԴիջիԹեք ցուցահանդեսը։ Ուստի հաստատակամ ենք այն պարտադիր անցկացնելու որոշման մեջ՝ իրավիճակի կայունացումից և համապատասխան միջավայրի վերականգնումից անմիջապես հետո»։

Հիշեցնենք, որ շուրջ երկու տասնյակ տարի DigiTec-ը Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի այցեքարտային տեխնոլոգիական միջոցառումն է, որով փորձ է արվում Հայաստանը միջազգային շուկայում դիրքավորել որպես առաջատար տեխնոլոգիական երկիր։ Միաժամանակ այն հարթակ է ՀՀ տեխնոլոգիական և հարակից ոլորտների ընկերությունների համար՝ ներկայացնելու իրենց առաջընթացն ու ստեղծարար լուծումները, ինչպես նաև մեկ հարկի տակ օրակարգ բերելու տնտեսության զարգացմանն ուղղված նոր տեսլականներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս