Արսեն Խանջյանը՝ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը (98 կգ) ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը, որին մասնակցում է Հին աշխարհամասի 24 պետություն, մրցագորգը տրամադրվեց Ազգային հավաքականներին:
Ուրախալի է նշել, որ մեր լավագույն մարզիկներից Արսեն Խանջյանը մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում պարզապես փայլեց:
Տիտղոսակիր սամբիստը /նա աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է/ առաջին գոտեմարտում 6:2 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, թեև առաջին միավորները սկզբում վաստակել էր մրցակիցը:
Երկրորդ գոտեմարտում մեր ըմբիշի հակառակորդը ադրբեջանցի էր, ում Արսենը ընդամենը կես րոպեում տապալեց գետին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ:
Երրորդ գոտեմարտը բելոռուս Լեսիակի հետ էր: Հաշիվը 2:1, հօգուտ Արսենի:
Առավել դրամատիկ էր եզրափակիչը: Արսենի մրցակիցը ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինն էր, ով 2-րդ րոպեին վաստակեց 1 միավոր և փորձում էր պահել հաշիվը:
Մնում է 1 րոպե, պայքարից խուսափելու համար ռուսին տրվում է հերթական զգուշացումը, Արսենին՝ մեկ միավոր: Սակայն սա բավարար չէ.ման հաշվի դեպքում հաղթանակը կտրվի մրցակցին:
Այս ամենը լավ գիտակցելով Արսենը շարունակում է գրոհները և մրցամարտի ավարտից 14 վայրկյան առաջ կատարում գեղեցիկ հնարք ու վաստակում 2 միավոր:
Հաշիվը 3:1 է և Արսենը հռչակվում է Եվրոպայի չեմպիոն:
Հավելենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը այսօր կարողացավ նվաճել բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացավ արծաթե մեդալի: