Կա հակառակորդի ներթափանցած 1-2 խումբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում. Ալեն Սիմոնյան

Հայաստանում որոնում են ՀՀ ներթափանցած ադրբեջանական խմբերին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, եւ ենթադրում եմ, որ շատ արագ»,– նշել է Սիմոնյանը։

Նա նաեւ ասել է, որ հակառակորդը մի քանի տեղ մխրճվել էր ՀՀ տարածք, մի քանի դիրքերում նրանց հաջողվել է դուրս շպրտել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս