Բաժիններ՝

Հայ կնոջ մարմնի վրա մեծ տառերով գրել են ադրբեջանական հատուկ ջոկատի անվանումը` «YAŞMA» կամ «ՅԱՇՄԱ». Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.  «Մենք հավաքագրում և ամրագրում ենք ադրբեջանական պատերազմական հանցանքների՝ ՀՀ զինծառայողների խոշտանգումների, սպանությունների վերաբերյալ ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր և լուսանկարներ։ Կատարվում է ադրբեջաներենից թարգմանություն հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, իրականացվում է ամրագրում և վերլուծություն։

Այս պահի ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինծառայողները գործում են նույն սկզբունքով, ինչ 2016թ. Ապրիլյան, 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ։

Գործում են առանձնակի դաժանությամբ, ցինիկաբար՝ վստահ լինելով, որ ոչ միայն չեն պատժվելու, այլ արժանանալու են իրենց ղեկավարների գովեստին։

Օրինակ՝ մի տեսանյութում մերկացրել են սպանված հայ կին զինծառայողի և կատարել դաժանություններ, այդ թվում` մարմնի մասնատումներ:

Այդ նույն հայ կնոջ մարմնի վրա մեծ տառերով գրել են ադրբեջանական հատուկ ջոկատի անվանումը` «YAŞMA» կամ «ՅԱՇՄԱ»: Այսինքն` հենց նրանք են հանցանքը կատարել:

Նույն տեսանյութում ադրբեջաներով նշում են, որ սպանել են ևս 2 կին զինծառայողի և ցուցադրում են նրանցից մեկի խոշտանգված դին՝ մերկ վիճակում։ Ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերի մանրամասներն այս հրապարակումով չեն ներկայացվում, դրանք կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին:

Ադրբեջանական զինված ուժերն այս դաժանությունները տեսանկարել են և հատուկ հրապարակել այնպես, որ տարածվի հայկական տիրույթում` մարդկանց ահաբեկելու նպատակով։

Մեր կողմից ադրբեջանական պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների ամրագրումն ունի ադրբեջանական իշխանություններին քրեական հետապնդման ու պատժի ենթարկելու համար հիմքեր ապահովելու նպատակ։

Հավաքագրվում և ամրագրվում են նաև քաղաքացիական բնակչությանը հասցված վնասների վերաբերյալ ապացույցները։

Միանգամայն հստակ է՝
Այս վայրագությունները ոչ թե իրարից առանձին հանցանքներ են, այլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության միասնական ատելության քաղաքականության հետևանքներ, միասնական շղթայի մասեր։ Խոշտանգողներն անգամ օգտագործում են նույն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի պաշտոնյաները։ Այս քաղաքականությունը ոչ միայն չի դադարել, այլ գնալով ավելի է խորացել՝ հասնելով բացահայտ ֆաշիզմի։ Եվ այս ամենն էլ խրախուսվում է այս հրեշավոր հանցանքների համար բացարձակ անպատժելիությամբ։

Այս իրավիճակում մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն կեղծ խաղաղասիրությամբ։

Դա ծառայում է ադրբեջանական շահերին և օգնում նրանց՝ «խաղաղության» շղարշով ծածկելու սեփական նենգ մտադրությունները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս