Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Արցախի նախագահի և ԱԺ պատվիրակության հետ քննարկել է ծառացած մարտահրավերները
Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։
Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։
Հանրապետության նախագահը և Արցախի խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին: