Ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել․ ԱՄՆ պետդեպը ողջունել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի շարունակվող պահպանումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով, որ ԱՄՆ-ն «շարունակում է կոչ անել կողմերին ներգրավվել խաղաղության գործընթացում»։
«Կոչ ենք անում, որ ռազմական գործողությունների դադարեցումը պահպանվի, ինչպես նաև կոչ ենք անում կասեցնել ռազմական ուժերի ներգրավումն ու աշխատել՝ լուծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր կարևոր հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի ճանապարհ լինել, և մենք ուրախ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում շարունակվող բարձր մակարդակի շփումները օգնեցին կողմերին հասնել հրադադարի։ Մենք շարունակում ենք ներգրավված լինել և քաջալերել անել այն աշխատանքը, որը պետք է՝ հասնելու տևական խաղաղության։ Եվ կրկին, սա ռազմական կարգավորում ունենալ չի կարող»,- շեշտել է Փրայսը։
Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցից հետո այժմ գտնվում է Վիեննայում՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համախոհ գործընկերներին։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
Իր հերթին, դեսպան Ռիքերը խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Պետքարտուղարը, իհարկե, հնարավորություն է ունեցել մի քանի օր առաջ խոսել երկու երկրի ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ նա առաջիկայում հնարավորություն կունենա կրկին խոսել նրանց հետ։ Նա անձամբ կենտրոնացած է այս հարցի վրա և շարունակելու է ներգրավված լինել՝ շարժվելու առաջ»,- ասել է պետդեպի խոսնակը։