«Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է․ Երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ադրբեջանական ագրեսիան տեղի չէր ունեցել»

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փելոսիի այցի մանրամասները. Հայաստան երբևէ այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան

Օգոստոսի 23-ին և 25-ին գրել էի Փելոսիի այցի մասին իմ ֆեյսբուքյան էջում: Հիմա կարող եմ արդեն փակագծեր բացել և մանրամասներ ներկայացնել:

1. Փելոսին Ամերիկայի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Բայդենի թիմակիցը:

2. Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է:

3. Այցը տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ Հայաստան: Այլ պետություններ չի գնալու: Այսինքն, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական օրակարգ չկա (առնվազն այս պահին):

4. Ամերիկյան մամուլում տեղեկություններ կան, որ Փելոսին օգնելու է իր կուսակցությանը հաղթել նոյեմբերին, հետո անցնել այլ աշխատանքի (դեսպան նշանակվել):

5. Իհարկե, նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, դեմոկրատներին պետք են հայկական ձայներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ Փելոսին հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում և Հայաստան գալը նաև անձնական մոտիվ ունի (մանավանդ հնարավոր պաշտոնաթողությունից առաջ):

6. Եվ ամենակարևորը.

Երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ադրբեջանական ագրեսիան տեղի չէր ունեցել: Հանգիստ կարող էր չեղարկել, հետաձգել այցը, կամ Բաքու էլ գնալ՝ պարիտետը պահելու նպատակով: Նրա ամուսնու անվան շուրջ էլ վերջերս սկանդալ էր ԱՄՆ-ում: Սակայն Փելոսին որոշել է, չնայած պատերազմին և ներամերիկյան քաղաքական գործընթացներին՝ այդուհանդերձ գալ Հայաստան և մենք պետք է այս հանգամանքը ի օգուտ մեզ օգտագործենք (եթե ունակ ենք):

Ի դեպ, հենց տեղեկացել եմ այցի մասին (մոտ մեկ ամիս առաջ) առաջարկել եմ, որ Նենսի Փելոսին այցելի նաև Արցախ: Առաջարկս ընդունել են, թե ոչ՝ տեղյակ չեմ»:

Տեսանյութեր

Լրահոս