ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու համար

Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունում է սեպտեմբերի 14-ին՝ տեղական ժամանակով 20:00-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադար հաստատելու մասին համաձայնությունը և հույս ունի, որ զինադադարը կպահպանվի: Այս մասին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով փոխտեղակալ Միրոսլավ Յենչան՝ ներկայացնելով իր զեկույցը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Գլխավոր քարտուղարի փոխտեղակալը վկայակոչեց ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդած տվյալները, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլև Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում:

Չնայած հայկական կողմի զեկույցներին և ներկայացված փաստերին ոչ միայն մարտական դիրքերի, այլև խաղաղ բնակավայրերի թիրախավորման մասին, գլխավոր քարտուղարի օգնականն ասում է, թե «ՄԱԿ-ը այն դիրքում չէ, որ ստուգի կամ հաստատի այդ զեկույցների մանրամասները»: Միրոսլավ Յենչան մեջբերեց պաշտոնական այն տվյալները, որ հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող և վիրավորվել է 6 քաղաքացիական անձ:

«Երկու երկրներն էլ գրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ պնդելով Ռուսաստանի կողմից 2020 թ. միջնորդված հրադադարի և իրենց տարածքային ամբողջականության խախտումների մասին: Միավորված ազգերի կազմակերպությունը այն դիրքում չէ, որ ստուգի կամ հաստատի այդ զեկույցների մանրամասները: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս վտանգավոր սրացման կապակցությամբ՝ ներառյալ դրա հնարավոր ազդեցությունը քաղաքացիական բնակչության վրա, և կոչ ենք արել կողմերին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար», – ասաց գլխավոր քարտուղարի փոխտեղակալը:

Միրոսլավ Յենչայի խոսքով՝ ՄԱԿ-ի տեղական թիմերը ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում պահպանում են բաց կապը տեղի իշխանությունների հետ և պատրաստ են արձագանքել առաջացող հումանիտար կարիքներին, եթե դիմումներ լինեն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալը զեկուցեց Անվտանգության խորհրդի նախագահին, որ այս շաբաթ տեղի ունեցած դեպքերը ամենավերջին և ամենախոշոր բախումներն էին կողմերի միջև 2020-ի դեպքերից հետո:

Տեսանյութեր

Լրահոս