Վաղվանից՝ 8:30-ից, շրջափակել կառավարական օբյեկտները, հայտարարել դասադուլ և գործադուլ. Տոնոյան
Հասարակական գործիչ Կարին Տոնոյանն առաջարկում է սեպտեմբերի 16-ից ողջ երկրում հայտարարել գործադուլ և դասադուլ՝ սկսելով իշխանության հեռացման գործընթաց՝ հանրային լայն ճնշման միջոցով։
Այսօր Բաղրամյան պողոտայի ԱԺ մուտքի մոտ ինքնաբուխ հավաքի ժամանակ՝ Տոնոյանը շեշտեց նաև՝ դա անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի հեռացման և մեր պետականության պահպանման համար։
«Երեկ այստեղ հավաքված ժողովրդի քանակը կանգնեցրեց պատերազմը»,- ասաց Տոնոյանը՝ կոչ անելով բոլորին չհավատալ 3 միլիոն հային մատների վրա խաղացնող Նիկոլ Փաշինյանին և շարունակել մեծացնել ճնշումը նրանց նկատմամբ։
Տոնոյանը ներկայացրեց իրենց գործողությունների պլանը. «Վաղը առավոտյան 08։30-ին Հանրապետության հրապարակում սպասում ենք բոլոր նրանց, ովքեր կդրսևորեն կամք և կհայտարարեն գործադուլ և դասադուլ։
Դիմում եմ նաև ոստիկաններին, որ գաք և մեզ այնտեղ պաշտպանեք սադրիչներից, իսկ ոստիկանների մյուս մասին հորդորում եմ՝ հանեք այդ համազգեստը, հանեք մի քանի օրով, կանգնեք մեր կողքին, իսկ երբ իշխանության կգան իրական հայրենասերներ, այն ժամանակ պատվով կկրեք այդ համազգեստն ու պատվով կծառայեք։ Ես ձեր աչքերում եմ դա տեսնում՝ դուք ամեն օր եք սպասում դրան ու պետք է այդ քայլն անեք»,- ասաց Կարին Տոնոյանը՝ հավելելով՝ վաղը շրջափակելու են Կառավարության շենքն ու նախարարությունների շենքերը։
Մանրամասները՝ տեսանյութում