«Չկա տարհանում ու նպատակ էլ չկա մարզային կտրվածքով ինչ-որ տեղաշարժեր իրականացնել». փոխնախարար
«Այս պահի դրությամբ ամբողջ ծավալը սոցիալական աջակցության մասով փակվում է մարզպետարանների հանձնարարությամբ՝ համայնքների միջոցով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Նա տեղեկացրեց, որ միասնական սոցիալական ծառայությունը ընտանիքների կարիքների գնահատում է սկսել, հատկապես հոսպիտալում գտնվող վիրավորում, վնասվածք ստացած զինվորների ընտանիքներում, որովհետև տվյալ անձի վնասվածք կամ վիրավորում ստանալու արդյունքում ընտանիքը, բնականաբար, հայտնվում է դժվարին իրավիճակում:
«Թեժ գծին ունեցել ենք 1-2 ահազանգման դեպք, օրինակ, երբ տանը կար հաշմանդամություն ուենցող երեխա, պատշաճ ուղղորդումներ են իրականացվել»,- նշեց Տաթևիկ Ստեփանյանը:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում 60-ից ավելի տներ ամբողջությամբ ավերվել են, փոխնախարարը հայտնեց, որ մարդիկ տեղավորվել են մարզի գուցե այլ համայնքում:
«Այս պահի դրությամբ այլ տեղաշարժեր չեն ենթադրվում, չկա տարհանում ու նպատակ էլ չկա մարզային կտրվածքով ինչ-որ տեղաշարժեր իրականացնել»,- ընդգծեց Տաթևիկ Ստեփանյանը:
168.am–ի դիտարկմանն ու դրանից բխող հարցին, թե քաղաքացիները շարունակում են սեփական նախաձեռնությամբ սնունդ, հագուստ, դեղորայք հավաքել՝ սահման ուղարկելու համար, կա՞ դրա անհրաժեշտությունը, նախաձեռնողների հետ նախարարությունը կապ հաստատե՞լ է, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը պատասխանեց.
«Երեկ բոլոր հնարավոր նախաձեռնությունների հետ փորձել ենք կապ հաստատել, հրավիրել ենք նախարարություն, և մեխանիզմները, առցանց հարթակները, որոնցով այդ կարիքները պետք է հավաքագրվեն, որպեսզի վերածածկեր չլինեն՝ իրազեկման նպատակով կուղարկվեն իրենց: Հանդիպում ենք ունեցել նախաձեռնությունների հետ, որտեղ ներկա են եղել նաև դոնոր կազմակերպությունները: Հանդիպման նպատակը մեկն է եղել՝ իրազեկել նախարարության կողմից իրականացվող գործընթացների, նախապատրաստած մեխանիզմների և դրանց պատշաճ արձագանքման մասին, որպեսզի անիմաստ գործողություններ չկատարվեն»: